Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին այսօր մասնակցել է Ավստրալիայի ռազմածովային ուժերի 100-ամյակին նվիրված հանդիսավոր օրվան՝ ավստրալական նավով անցնելով Սիդնեյի ծովախորշը, հայտնում է Associated Press-ը:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռը, որին բրիտանական բանակում անվանում են «Ուելսի կապիտան», Ավստրալիա է ժամանել այսօր առավոտյան՝ այցելելով Սիդնեյում Ավստրալիայի ռազմածովային ուժերի «Գարդեն Այլենդ» բազա:
Այնուհետև արքայազնը բարձրացել է Leeuwin նավի վրա, որտեղ հանդիպել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի և երկրի պաշտպանության նախարար Դևիդ Ջոնսթոնի հետ:
Ինչպես սպասվում է, վաղը արքայազն Հարրին կայցելի Արևմտյան Ավստրալիայի Պերտ քաղաք, որտեղից էլ կթռչի Մեծ Բրիտանիա:











































