«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ն այն առանցքային նշանակության ենթակառուցվածքներն են, առանց որոնց անհնար է պատկերացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Եվ այդ իմաստով ԲԷՑ-ի՝ հավատարմագրային կառավարման հանձնելու կառավարության որոշումն իր մեջ մի շարք դրական, բայց նաև հակասական գործոններ է պարունակում: Ակնկալվում է, որ համակարգի կառավարման միասնական կենտրոնի ստեղծումը պետք է նպաստի ներկորպորատիվ գործընթացների բարելավմանը, բարձրացնի կառավարման արդյունավետությունը: Ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում կարող է զգալիորեն բարձրանալ ծառայությունների որակը ու, ինչն ամենակարևորն է, վերանայվի սակագնային քաղաքականությունը: Այս հեռանկարների մասին խոսվում է նաև կառավարության որոշման մեջ, սակայն, ըստ իս, այս գործընթացի վերջնական նպատակը ՀԵՑ-ի շահութաբերության բարձրացումն է, քանի որ բարձրավոլտ ցանցերը, լինելով կապող օղակ էլեկտրաէներգիա գեներացնող օբյեկտների ու էլցանցերի միջև, անցնելով «Տաշիր կապիտալ»-ի ենթակայության տակ՝ հնարավորինս ներդաշնակեցնելու են իրենց արտադրական գործընթացները ՀԷՑ-ի շահերի հետ: Սա, մի կողմից, այնքան էլ վատ չէ, քանի որ տրամաբանական է, որ շահութաբեր ու ֆինանսապես կայուն ՀԷՑ-ը նշանակում է ավելի բարենպաստ պայմանների ստեղծում երկրի էլեկտրաէներգիայի շուկայում: Մնում է, որ այս հարցին հետամուտ լինի կառավարությունը՝ ապահովելու համար գործարքի մուլտիպլիկատիվ էֆեկտը: Հակառակ դեպքում դրա ազդեցությունը երկրի էներգետիկ համակարգի զարգացման վրա կլինի աննշան:
Խոսելով «Տաշիր կապիտալ»-ի՝ դեպի ԲԷՑ դրսևորած հետաքրքրության մասին՝ պետք չէ նաև մոռանալ, որ իր հաշվեկշռում 2000 կմ օդային ցանցեր ու բազմաթիվ ենթակայաններ ունենալուց բացի, ընկերությանն են պատկանում նաև Հայաստանը Իրանի, Վրաստանի ու Արցախի հետ կապող օդային գծերը, ինչը խոսում է նաև ընկերության աշխարհաքաղաքական նշանակության մասին: Եվ այդ նշանակությունը հատկապես ընդգծվում է Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման համատեքստում: Պարզ է, որ նման ենթակառուցվածքների տնօրինումը լիովին համապատասխանում է «Տաշիր կապիտալ»-ի հեռանկարային բիզնես հավակնություններին: Դիտարժան է նաև այն փաստը, որ ԲԷՑ-ը, բացի իր ուղղակի գործառույթներն իրականացնելուց, նաև զբաղվում է շինարարական գործունեությամբ գազատրանսպորտային ոլորտում: Բավական է նշել, որ հենց ԲԷՑ-ի ջանքերով է կառուցվել Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան 40 կմ հատվածը, որի համար ընկերությունը ստացել է շուրջ 35 մլն դոլար: Նաև ԲԷՑ-ին է պատկանում Լոռու մարզում գտնվող 2․6 ՄՎտ հզորությամբ հողմակայանը, որը թեև եղանակ չի ստեղծում Հայաստանի էներգահամակարգում, բայց միակն է Հարավային Կովկասում։ Մի խոսքով, ընկերության նշանակությունը Հայաստանի տնտեսության համար ակներև է, և դրա՝ հավատարմագրային պայմաններով «Տաշիր կապիտալ»-ին հանձնելը զգալիորեն ուժեղացնում է վերջինիս դիրքերը հայաստանյան շուկայում, իսկ ապագայում նաև տարածաշրջանում:
Ընդհանուր առմամբ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը գտնվում էր և շարունակում է գտնվել բավականին բարենպաստ վիճակում՝ թե ֆինանսատնտեսական, թե տեխնիկական իմաստով: Ինչը չի կարելի ասել ՀԷՑ-ի մասին: Անդրադառնալով միայն որոշ տեխնիկական ցուցանիշներին՝ բավական է նշել, որ ՀԷՑ-ի կորուստները 2016 թ. դրությամբ կազմել են 9․6 տոկոս, ինչը, իհարկե, մոտ 4 տոկոսով ավելի ցածր է 2015-ի ցուցանիշների հետ համեմատ, բայց դեռ հեռու է նորմայից: Մինչդեռ ԲԷՑ-ի կորուստները սովորաբար տատանվում են 2-3 տոկոսների միջև և լիովին համապատասխանում են նորմային: Սա վկայում է ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման մասին: Իր հիմնադրման հենց առաջին ամիսներից ի վեր՝ 1998 թ. ընկերությունը ստացել է բազմաթիվ դրամաշնորհներ միջազգային կառույցներից՝ իր հաշվեկշռում գտնվող ենթակառուցվածքների արդիականացման համար: Դոնորների թվում են, ասենք, USAID-ն, ԱՄՆ զարգացման հիմնադրամը և այլն: Դիտարժան է նաև այն փաստը, որ 2011 թ. ընկերությունը ստացել է մոտ 40 մլն դոլար Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկից՝ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի համար: Միևնույն ժամանակ մեծ են նաև ընկերության կողմից ներգրաված վարկերի ծավալները: Մի խոսքով, համակարգի՝ հավատարմագրային կառավարման հանձնելը պայմանավորված չէ ընկերության տեխնիկական կամ ֆինանսական վատ վիճակով: Գուցե դրանում է պատճառը, որ «Տաշիր կապիտալ»-ը չի առաջարկում որևէ ներդրումային ծրագիր, այլ պարզապես շարունակում է դեռ 2000-ականների սկզբին Հայաստանի կողմից որդեգրված վարկային բեռի ավելացման քաղաքականությունը: Օրինակ՝ Հայաստան-Վրաստան նոր օդային գծի և «Դդմաշեն» ու «Այրում» ենթակայանների կառուցման համար «Տաշիր կապիտալ»-ը պատրաստվում է վարկային միջոցներ ներգրավել՝ 80-100 մլն դոլարի չափով: Ճիշտ է, ընկերությունը նշում է, որ վարկային բեռը վերցնում է իր վրա, և պետության արտաքին պարտքը վարկային ծրագրերից չի ավելանա: Սակայն, կարծում եմ, էական չէ, թե ով է կրում անմիջական ռիսկերը: Ի վերջո, ռիսկային գոտում է հայտնվում երկրի էներգետիկ անվտանգությունը: Հայաստանի էներգետիկ համակարգում շրջանառվող վարկային միջոցների ծավալն արդեն մոտենում է 1 մլրդ դոլարի, ինչը սկզբունքորեն թույլ չի տալիս համակարգին զարգացում ապրել, իսկ պետությանը՝ վարել սոցիալակենտրոն էներգետիկ քաղաքականություն: Պատճառը պարզ է. նշված վարկերը չեն կարող չանդրադառնալ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի և, հետևաբար, վերջնական սակագնի վրա: Սա, իր հերթին, անդրադառնում է նաև Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մրցունակության վրա նաև արտաքին շուկայում:
Այժմ երկու խոսք հակասությունների մասին: Կառավարության՝ ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման մեջ հատկապես աչքի է ընկնում հետևյալ հակասությունը: Ստույգ նշված է, որ վարկային ծրագրերի գլխավոր երաշխավորողը ՀԷՑ-ն է, մինչդեռ միանգամայն պարզ է, որ նման երաշխիքներ կարող է տրամադրել միայն ֆինանսապես կայուն տնտեսվարողը: Չմոռանանք, որ սույն թվականի հուլիսին ՀԷՑ-ը հայտարարել է իր կապիտալի 70 տոկոսի գրավադրման մասին՝ 160 մլն դոլար վարկ ստանալու համար: Ստացվում է, որ իր կապիտալի գերակշռող մասը գրավի տակ պահող ու վարկային նոր բեռ ստանձնող ընկերությունը երաշխավոր է կանգնում մեկ այլ ընկերության բազմամիլիոնանոց վարկի համար: Միևնույն ժամանակ նշված գործարքում առկա է մեկ այլ՝ ավելի համակարգային մակարդակի հակասություն: Հուլիս ամսին կառավարությունը հայտարարել է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրի մեկնարկի մասին: Ազատականացումը, իր հերթին, ենթադրում է բիզնեսի համար հավասարաչափ մրցակցային պայմանների ստեղծում ու, ինչն ամենակարևորն է, գործառույթների բաշխում: Մինչդեռ վերջին ամիսներին մեր էներգետիկայում ընթացող գործընթացներն ավելի շուտ վկայում են ոչ թե ազատականացման, այլ մոնոպոլիզացման միտումների ձևավորման մասին: Դատեք ինքներդ՝ «Տաշիր կապիտալը»՝ լինելով ՀԷՑ-ի սեփականատեր և այսուհետ նաև ԲԷՑ-ի կառավարիչը, ձեռք է բերում կարևորագույն գեներացնող օբյեկտը՝ Հրազդանի ՋԷԿ-ը, որը Երևանի ՋԷԿ-ի հետ մեկտեղ ապահովում է երկրի էներգագեներացման մոտ 40 տոկոսը, իսկ մոտ երկու շաբաթ առաջ հայտարարում է Դեբեդի վրա 76 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցման մասին: Վերջինիս շինարարական աշխատանքները, ի դեպ, իրականացնելու է «Դեբեդ հիդրո» ընկերությունը, որը մտնում է «Տաշիր կապիտալ»-ին պատկանող «Էներգոինվեստ հոլդինգին»: Սա ոչ վատ է, ոչ էլ լավ: Պարզապես այս ամենը ոչ մի կերպ չի տեղավորվում ազատականացման տրամաբանության մեջ:
Մինչդեռ աշնանը Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման մասին պայմանագիրը, ինչը նշանակում է, որ, վաղ թե ուշ, պետք է եվրոպական չափորոշիչներին մոտեցնել նաև մեզանում կիրառվող որոշ կարևոր կառավարման գործիքներ: Այսօր ԵՄ-ում՝ էներգետիկ ոլորտը կարգավորող կարևորագույն փաստաթղթերից է այսպես կոչված ԵՄ-ի երրորդ էներգափաթեթը, համաձայն որի՝ մեկ տնտեսվարողը իրավունք չունի արտադրելու, փոխանցելու ու բաշխելու գազն ու էլեկտրաէներգիան: Սա շուկայի ազատականացմանն ուղղված առաջին ու հիմնարար քայլերից է, որի բացակայության պարագայում մենք գործ ենք ունենում մոնոպոլիզացմանը ձգտող շուկայի հետ: Սա, ի դեպ, բացասական գնահատական չէ, որոշ դեպքերում մենաշնորհը նույնիսկ անհրաժեշտ է, երբ ոլորտը, ասենք, մեծ ներդրումների կարիք ունի, շուկան փոքր է, և իքս ընկերությունը պատրաստ է այդ ներդրումներն իրականացնելու: Սա արդեն բնական մենաշնորհ է: Սակայն մենաշնորհի գոյացումը վարկային բեռի ավելացման ֆոնին, այն էլ ազատականացման լոզունգների ներքո, վկայում է առնվազն էներգետիկ հեռանկարային զարգացման տեսլականի բացակայության մասին:
Հեղինակը քաղաքական գիտությունների թեկնածու է, դոցենտ, էներգետիկ հարցերով փորձագետ






































