«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, որոնք մարտին գրավել են Սիրիայի Ալ-Ռաքքա հյուսիսային քաղաքը, ավերել են արաբ խալիֆ Հարուն Ալ-Ռաշիդի արձանը, որը տեղակայված է համանուն այգում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես պնդում են ականատեսները, բարբարոսական այդ գործողություններն առաջացրել են տեղի բնակչության զայրույթը, և նախօրեին մի քանի հարյուր մարդ դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բողոքի: Ի պատասխան՝ գրոհայինները կրակ են բացել բազմության վրա
8-րդ դարում ապրած Աբբասյան խալիֆ Հարուն Ալ-Ռաշիդի կառավարումը բնութագրվում է մշակութային ծաղկունքով. նա Բաղդադում հիմնել է համալսարան և գրադարան, խրախուսել է գրականության, արվեստի և երաժշտության զարգացումը, ինչի համար էլ ստացել է Ալ-Ռաշիդ՝ արդար անունը:
Ավելի վաղ Ալ-Ռաքքայում իսլամիստներն ավերել էին երկու եկեղեցի:
Սիրիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դարաա մարզի Ջասեմ քաղաքում գրոհայիններն այսօր ոչնչացրել են արաբ բանաստեղծ Աբու Թամամի արձանը:











































