Amazon կորպորացիան, որին պատկանում է աշխարհում խոշորագույն համացանցային խանութը և զբաղեցնում է առաջին տեղը թվային ընթերցիչների շուկայում, աշխատում է առաջին երկու սմարթֆոնների վրա, որոնք մտադիր է թողարկել իր ապրանքանիշի ներքո՝ հայտնում է TechCrunch-ը: Amazon-ի սմարթֆոնների մասին շշուկները տարածվել են 2011-ի աշնանից:
Պարբերականի տվյալներով՝ սարքերից մեկը կստանա եռաչափ ինտերֆեյս և օգտատիրոջ դեմքին հետևելու հնարավորություն, որը կհարմարեցնի ինտերֆեյսը՝ կախված նրանից, թե ինչ դիրքից է օգտատերը նայում դիսփլեյին: Դա թույլ կտա սմարթֆոնը կտրուկ շրջելու դեպքում թաքցնել որոշ տարրեր: Դրա համար հեռախոսը կզինվի 4 առաջնային տեսախցիկներով:
Smith ծածկանվամբ սմարթֆոնը նաև կկարողանա ճանաչել ապրանքները: Օգտատերը կարող է լուսանկարել դրանք, որից հետո այդ ապրանքները կհայտնաբերվեն Amazon-ում: Հայտնի չէ, թե ինչ օպերացիոն համակարգով կաշխատի սարքը:
Մյուս սմարթֆոնը ստացել է Project B ծածկանունը: Այն կլինի բյուջետային հեռախոս:









































