Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցեցին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին և դեսպանության անձնակազմին անկախության օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին 200-ից ավելի հյուրեր:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նրանք բարձր են գնահատել անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, իրենց երկրների հետ անկախ Հայաստանի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ այս տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները:
Միջոցառումը, որին ներկա են եղել Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ամերիկահայ համայնքի անդամներ, անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում: