Բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը երկրորդ անգամ է այցելում Հայաստան և հասցրել է բավական բան իմանալ երկրում առկա քաղաքական իրավիճակի մասին: Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ:
«Կարծում եմ՝ այցս շատ հետաքրքիր ժամանակի հետ համընկավ: Վերջին շրջանում Մեծ Բրիտանիան ստիպված եղավ վերագնահատել իր արտաքին քաղաքականությունը, և ամենակարևորն այս առումով այն էր, որ խորհրդարանում քվեարկության արդյունքում որոշվեց չմասնակցել սիրիական պատերազմին: Սա ապացույցն է նրա, որ բրիտանացի խորհրդարանականների որոշումն արժեք ունի, և որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում»,- ասաց լրագրողը:
Լանս Փրայսի խոսքով՝ թեպետ ինքը և՛ Բրիտանիան, և՛ Հայաստանը համարում է եվրոպական երկրներ, սակայն պարզ գիտակցում է, որ երկու երկրների քաղաքական ու լրագրողական դաշտերը միմյանցից շատ են տարբերվում: «Մեզ մոտ կարևոր որոշումներն առանց լայն քաննարկումների, այդ թվում՝ պետական մարմինների մասնակցությամբ, չեն կայացվում, ինչպես տեղի ունեցավ Հայաստանում՝ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում: Բրիտանիայում կառավարությունը նմանօրինակ որոշում կայացնող մարմնին կամ անձին կհարցներ՝ ո՞րն է նման միանձնյա որոշում կայացնելու հիմքը»,- պարզաբանեց նա:
Լրագրողը տեղեկացրեց, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումն իր երկրում մեծ արձագանք չի առաջացրել: «Եթե ՀՀ կառավարությունը կարծում է, որ ՄՄ-ի և ԵՄ-ի հետ միաժամանակյա համագործակցությունը հնարավոր է և երկուսի հետ էլ պայմանագիր կնքել հնարավոր է, ուրեմն ամեն ինչ լավ է: Եթե հայտարարվում է, որ դրանք համատեղելի են, ապա հայաստանյան կառավարությունը պետք է բացատրի՝ ինչպես:
Միաժամանակ, իմ կարծիքով, Ասոցացման պայմանագրի կնքումը Հայաստանի համար շահեկան կլինի: Մենք ուրախ կլինենք շարունակել քննարկումները: Բրիտանացիներն իսկապես հետաքրքրված են Հայաստանով: Մենք տեղյակ ենք Ցեղասպանության և դրան հարակից խնդիրների մասին: Գիտենք, թե ինչպիսի հետևանքներ է ունեցել պատմությունը, և թե ինչու են Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ այսքան բարդ: ԵՄ-ն աջակցում է երկրներին՝ առավել բարիդրացիական հարաբերություններ ունենալ միմյանց հետ, դրա համար էլ ուզում եմ վստահություն հայտնել, որ քննարկումները կհանգեցնեն խնդիրների կարգավորման»,- ասաց նա:











































