Իրաքի ուժային կառույցների աշխատակիցները, չնայած նախկինում տված խոստումներին, չեն հրաժարվել ական որոնող ADE-651 սարքերից՝ հօգուտ ծառայողական շների, հաղորդում է The Independent թերթը:
Երկրի իշխանությունները նման խոստում էին տվել այս տարի գարնանը, երբ պարզվեց, որ սարքերը, որոնք ձեռք բերելու համար ծախսվել է 75 միլիոն դոլար, պլաստիկե տուփեր են՝ մետաղական ձողով, որոնք ոչ մի օգտակար հատկություն չունեն:
Պարբերականը հաղորդում է, որ ծառայողական շները, որոնք իրականում կարող են որոնել պայթուցիկ և այլ վտանգավոր իրեր, հայտնվել են երկրի հարավային երկու մարզերում, որտեղ ահաբեկչական ակտիվությունը նվազագույնն է: Միևնույն ժամանակ, Բաղդադի ոստիկաններին հատկացված շները սովորական շներ են և ոչ մի հատուկ նախապատրաստություն չեն անցել, չնայած դրա համար միջոցներ են հատկացվել:
Ականատեսների խոսքերով՝ ական որոնող կեղծ սարքերը շարունակում են կիրառել իրաքյան հսկիչ անցակետերից մեծ մասում: Որոշ ոստիկաններ և զինվորներ հավատում են, որ դրանք աշխատում են:










































