Ինչպես գրում է Новые известия թերթը, շվեդական թագավորական ընտանիքը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ: Դեռ չէր դադարել սկանդալը՝ կապված թագուհի Սիլվիի հոր նացիստական անցյալի հետ, հիմա էլ թագավոր Գուստավ 16-րդին մեղադրում են հարավսլավական մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ: Շվեդների 63%-ը պահանջել է թագավորի գահընկեցությունը: Ըստ հարցումների՝ նրա վարկանիշն այժմ ընդամենը 29% է:
Աղմուկը սկսվել է այն բանից հետո, երբ երկրի գրախանութներում հայտնվել է Կիմո Նուրիի «Շվեդական կնքահայր» գիրքը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է թագավորը մասնակցել մարմնավաճառների մասնակցությամբ խնջույքների, որոնք կազմակերպված են եղել հարավսլավական մաֆիայի կողմից:
Ստոկհոլմում 90-ականներին հայտնի հարավսլավական ակումբի՝ Club Power-ի սեփականատեր Միլլե Մարկովիչը շվեդական մամուլին ասել է, որ ինքը տեսանյութեր ունի, որտեղ պատկերված է, թե ինչպես են անցել այդ «թագավորական խնջույքները»: Գրքում նաև ասվում է, որ թագավորական ընտանիքը մտերիմ գործարարներից մեկի օգնությամբ փորձել է գնել թագավորին վարկաբեկող նյութերը: Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ այդ բանակցությունների վերծանումը հայտնվել է մամուլում:
Հարավսլավալան մաֆիայի պարագլուխներից մեկն ասել է, որ 2013 թ. նախատեսում է հրապարակել իր գիրքը, որտեղ պատմելու է Գուստավ 16-րդի «արած-չարածի» մասին: Նա նաև տեղեկացրել է, որ ստեղծվելու է կայք, որտեղ տեղադրվելու են այդ տեսանյութերը:
Թագավորական ընտանիքը հերքում է այս ամենը՝ նշելով, որ գործարարն այդ բանակցություններին գնացել է սեփական նախաձեռնությամբ: Շվեդներն իրենց զրույցներում ասում են, որ թագավորին կարող են ներել մարմնավաճառների հետ ժամանակ անցկացնելը, սակայն անթույլատրելի է, երբ երկրի թագավորը շանտաժի է ենթարկվում մաֆիայի կողմից:










































