Կենտրոնական Ասիայի երկրների սահմանների անվտանգության ապահովման թեման՝ կապված Աֆղանստանից ամերիկյան զորքերի առաջիկա դուրսբերման հետ, եղել է Սահմանների անվտանգության Կենտրոնաասիական նախաձեռնության 11-րդ համաժողովի այսօրվա հանդիպման գլխավոր թեման: Հանդիպմանը մասնակցել են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ՄԱԿ-ի և ԵՄ-ի կառույցների, հետաքրքրվող երկրների իրավապահ մարմինների, սահմանային և միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«ԵՄ-ն կօգնի Կենտրոնական Ասիայի երկրներին սահմանների անվտանգության ապահովման գործում»,- վստահեցրել է համաժողովին ելույթ ունեցած Կենտրոնական Ասիայի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պատրիսիա Ֆլորը:
Նա հաստատել է նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման ԵՄ հետաքրքրվածությունը այլ ոլորտներում, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը:
Համաժողովի շրջանակում կայացել է կարծիքների փոխանակություն սահմանային վերահսկողության համակարգերի արդիականացման, թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում ջանքերի միավորման, Աֆղանստանի հետ անդրսահմանային համագործակցության ընդլայնման թեմաներով:










































