Կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կողմից եվրապարտատոմսեր թողարկելու 3 շարժառիթ նշեց:
Առաջինն այն է, որ առաջիկա 3-4 տարիներին Հայաստանը ընդհանրապես կզրկվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտոնյալ պայմաններով վարկեր ստանալուց, քանի որ այլևս չի համարվում աղքատ երկիր:
Երկրորդ շարժառիթը, ըստ նախարարի, այն է, որ մեր մասնավոր հատվածը այսուհետ առավել հեշտությամբ կկարողանա միջոցներ ներգրավել (արժեթղթեր թողարկել ու տեղաբաշխել) միջազգային շուկաներում: Այժմ, ըստ նախարարի, մեր մասնավոր կազմակերպությունները կա՛մ չեն կարող միջոցներ ներգրավել, կա՛մ դա չափազանց դժվար է: Եվրապարտատոմսեր թողարկելու խնդրանքով, ըստ նախարարի, կառավարությանը դիմել էին մի քանի մասնավոր ընկերություններ:
Երրորդ շարժառիթը ֆինանսավորման դիվերսիֆիկացումն է, երբ բացի միջազգային ֆինանսական կազմակերպություններից ու մեր ներքին պարտքից՝ կառավարությունը պարտքը բաշխում է նաև միջազգային մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև:
Դավիթ Սարգսյանը եվրապարտատոմսերի թողարկումը չափազանց հաջողված է համարում: Նրա խոսքով՝ մի քանի օր շուտ կամ մի քանի օր ուշ թողարկումը ավելի վատ պայմաններում կլիներ: Իսկ թողարկման պահին տոկոսադրույքները միջազգային շուկայում իրենց նվազագույնին էին հասել՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը չէր կատարել նախկինում հնչեցրած իր հայտարարությունը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին և այն անփոփոխ էր թողել, ինչը ֆինանսական շուկաներում միանգամից իջեցրել էր տոկոսադրույքները:











































