Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի համոզմամբ՝ մեր զինանշանը աղավաղված է և շտկումների կարիք ունի:
Արվեստագետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանգամանալից ներկայացրեց մեր զինանշանի թերությունները: Ըստ բերված փաստարկների, զինանշանի տեսքը 1918 թվականին նկարված զինանշանից խիստ տարբերվում է: Հայաստանի երրորդ հանրապետության զինանշանի առյուծը ճաղատ է, ինչը նշանակում է, որ այն ծեր է: Սովորաբար զինանշանների վրա պատկերված կենդանիների երախը բաց է լինում, ինչը նշանակում է, որ հսկում են պետության սահմանները, սակայն մեր զինանշանում պատկերված ո՛չ արծվի, ո՛չ առյուծի երախը բաց չէ:
Զինանշանի վրա պատկերված թուրը պետք է պատռեր շղթան, սակայն հակառակն է՝ շղթան փաթաթվել է թրին, և անգամ այդ թրի ծայրը սուր չէ: Բացի դրանից. «Մեր հիմնական գերբի վրա չորս թագավորությունների խորհրդանիշներն են: Բագրատունյաց երկգլխանի արծիվը մեր գերբում չի պահպանված, այդ արծիվն ավելի շատ աղավնու է նմանեցված»:
Խոսելով մի շարք այլ մանրամամսների մասին՝ բանախոսն ասաց, որ մեր զինանշանի մեջ թաքնված են թշնամական նշաններ, կարծես թե մեկը դիտավորյալ այն աղավաղել է: Տարածված է նաև զինանշանի այնպիսի նկար, որտեղ Արարատ լեռը սև է, իսկ գլխի Նոյյան Տապանը՝ գիծ: Իրականում լեռը պետք է լիներ նարնջագույն ֆոնի վրա:
Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում զինանշանի վրա շտկումներ անելու համար, պարոն Աղամյանը պատասխանեց, որ հանրային խորհուրդը քննարկել է հարցը, և ակնկալում են, որ իշխանությունները ուշադրություն կդարձնեն այս խնդրին, որովհետև սա ազգի պատիվն է:










































