Բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, որին մի քանի օր առաջ հանձնել են Հաագայի Միջազգային քրեական դատարանին, տեղափոխվել է բանտային հիվանդանոց: Նրա առողջական վիճակը վատթարացել է, քանի որ տարիներ շարունակ պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Այս մասին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսանդր Ալեքսիչը:
«Մլադիչը գտնվում է բանտային հիվանդանոցում: Նա երկար տարիներ բժշկական օգնություն չի ստացել և նրա առողջական վիճակը բավականին վատ է»,- ասել է Ալեքսիչը: Փաստաբանը հաստատել է, որ նա մի քանի տարի առաջ ենթարկվել է վիրահատության, որի հետևաքնով պարալիզացված է նրա մի ձեռքը: Սակայն մտավոր որևէ խնդիր Մլադիչը չունի, ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ երեկ փաստաբանները նաև նշել էին, թե Մլադիչի մոտ 2009 թ. քաղցկեղ է հայտնաբերվել, և նա ենթարկվել է վիրահատության, սակայն այլ մանրամասներ չեն նշվել, որովհետև դրանով կվտանգվեր տվյալ բուժհաստատության ապագան, քանի որ Մլադիչը հետախուզման մեջ է եղել, իսկ վիրահատությունը նշանակում է համագործակցություն ենթադրյալ հանցագործի հետ:











































