Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հաստատվել է օրենսդրական կանոն, որը ռազմաօդային ուժերին թույլ է տալիս խփել թմրամաֆիայի ցանկացած ինքնաթիռ, որն անօրինական թռչում է երկրի տարածքում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Մադուրոյի խոսքերով՝ դա կարևոր օրենք է, որն իրեն, որպես պետության ղեկավարի, լիազորություն է տալիս կարգադրել խփել ցանկացած ինքնաթիռ, որն անօրինական գտնվում է Վենեսուելայի երկնքում՝ թմրանյութ փոխադրելու նպատակով:
Մաքսանենգները հաճախ Վենեսուելայի օդային տարածքն օգտագործում են թմրանյութեր փոխադրելու համար: Որոշ դեպքում հանրապետության ռազմաօդային ուժերը օդ են բարձրացնում կործանիչներ՝ օրինախախտներին հետևելու համար, սակայն վերջիններս չեն ենթարկվում հրամաններին և ուղղակի շարունակում են թռիչքը:
Վենեսուելայով է անցնում Կոլումբիայում արտադրված թմրանյութն ԱՄՆ և Եվրոպա փոխադրելու հիմնական ուղիներից մեկը: ԱՄՆ իշխանությունները քննադատում են Վենեսուելայի կառավարությանը՝ թմրանյութերի դեմ անարդյունավետ պայքարի համար:
Մադուրոն նաև հայտարարել է, որ Կարակաս-Փարիզ ինքնաթիռում ավելի քան 1.3 տոննա կոկաինի հայտնաբերումն օգտագործվել է որպես պատրվակ Վենեսուելայի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար:








































