Դատարանը նախնական կալանքի խուց է ուղարկել հունական աջ ծայրահեղական «Ոսկե այգաբաց» կուսակցության առաջնորդ Նիկոլոս Միխալոլիակոսին: Նրան մեղադրում են կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակից լինելու մեջ: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Առաջնորդն անձամբ հերքում է բոլոր մեղադրանքները:
Նրան ձերբակալել էին սեպտեմբերի 30-ին՝ իր կուսակցության մյուս անդամների հետ՝ հակաֆաշիստ, հիփ-հոփ կատարող 34-ամյա Պավլոս Ֆիսասի (բեմական անունը՝ Killah P) սպանության գործով: Աղմկալի պատմությունից հետո ակտիվիստները դուրս էին եկել խաղաղ ցույցերի, որոնք արագ վերաճել էին զանգվածային անկարգությունների:
45-ամյա մարդասպանը ձերբակալվել էր տաք հետքերով և խոստովանել հանցանքը: Զուգահեռաբար ոստիկանությունը խուզարկություններ էր անցկացրել կուսակցության գրասենյակներում՝ փորձելով գտնել սպանությանը կուսակցության մասնակցության վկայություններ:
Կուսակցությունը 2009 թվականի ընտրություններում հավաքել էր 0.3 տոկոս ձայն, սակայն անցած տարի խորհրդարանական ընտրություններում ստացել է արդեն ձայների 7 տոկոսը: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ կուսակցության աճող հեղինակությունը կարող է թույլ տալ հաջորդ ընտրություններին ընտրողների աջակցության ցուցանիշը հասցնել 12 տոկոսի, ինչը նրան կդարձնի ժողովրդականությամբ երրորդ կուսակցությունը Հունաստանում: Կուսակցության ծրագրի գլխավոր կետերն են միգրացիայի աճի ու գլոբալիզացիայի գաղափարի անթույլատրելիությունը:







































