Ուդմուրթիայում զենքի պահեստում սկսված հրդեհի պատճառով արդեն տուժել է 30 մարդ, նրանցից 9 հոսպիտալացվել են: Այս մասին քիչ առաջ RIA-Novosti գործակալությանը հաղորդել է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Միխայիլ Տուրկովը:
«Ընդհանուր առմամբ, օգնության համար դիմել է 30 մարդ, 21-ին օգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ 9-ը՝ հոսպիտալացվել են»,- ասել է նա:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհը կենտրոնական դաշնային շրջանի 102-րդ զինապահեստում սկսվել է ուշ գիշերը: Այս պահին տարհանված մարդկանց թիվը գերազանցել է 28 հազարը: Մի տուն ամբողջությամբ այրվել է, վնասվել են տասնյակ այլ շենքեր:
Մի քանի ուղղություններով փակվել է երկաթուղային կապը, քանի որ երկաթգիծն անցնում է այդ տարածքով: Հաղորդվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են, քանի որ ուժեղ ծուխը չի թողնում մոտենալ պահեստներին:
Հիշեցնենք, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել մայիսի 26-ին Բաշկիրիայում, որի ժամանակ կրկին մեծ քանակության զինամթերք է այրվել: