Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան դիմել է խորհրդարանին՝ իր կառավարությանը վստահության քվե հայտնելու խնդրանքով: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է այսօր՝ Սենատում ելույթի ժամանակ:
«Ես խնդրում եմ Ձեզ վստահություն հայտնել մեզ, որպեսզի մենք կարողանանք կատարել երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները»,- ասել է նա: Սպասվում է, որ քվեարկությունը կկայանա ընթացակարգային հարցերից հետո:
Իտալիան հայտնվել է կառավարական ճգնաժամի եզրին այն բանից հետո, երբ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է իշխող կոալիցիայից իր «Ազատության ժողովուրդ» կուսակցության փաստացի դուրս գալու մասին: Սենատում Լետային չի բավականացնում շուրջ 15 ձայն՝ հաղթահարելու մեծամասնության շեմը (161): Չի բացառվում, որ վերջին պահին Բեռլուսկոնին կողմնակիցներին կոչ անի աջակցել կաբինետին:
Ներկայիս քաղաքական պառակտվածության և առկա ընտրական օրենսդրության պարագայում նոր խորհրդարանական ընտրությունները կհանգեցնեն միայն նրան, որ երկիրը կդառնա լիովին անկառավարելի՝ ասել է Լետան: Նրա խոսքով՝ ներկայում կայունությունը բացարձակ արժեք է երկրի զարգացման շարունակման համար:










































