Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Համանախագահներն էլ, իրենց հերթին, տեղեկացրել են, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկելու մինչև տարեվերջ ծրագրված հանդիպմանն առնչվող հարցեր:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, անդրադառնալով Սարգսյանի և Ալիևի հնարավոր հանդիպմանը, նշեց, որ նախագահների հանդիպման նախապատրաստման մասին Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են դեռ ընթացիկ տարվա հուլիսի կեսերին:
Նա հավելեց, որ ինչպեսև ենթադրվում էր, հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո. ՙԱյդ ընտրություններով կավարտվի երկամյա ընտրությունների շրջանը երեք հակամարտող երկրներում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն և Ադրբեջան: Ե՛վ իշխանությունների, և՛ կողմերի հասարակությունների ուշադրությունը ներքաղաքական խնդիրների լուծումից, ամենայն հավանականությամբ, կուղղվի հակամարտության լուծմանը: Համենայն դեպս՝ այդ խնդրով կսկսեն ավելի շատ զբաղվել՚:
Մասիս Մայիլյանի դիտարկմամբ՝ նախագահների հանդիպումը Արցախյան հակամարտության կարգավորմանը նոր թափ կարող է հաղորդել, եթե բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, ՙիսկ համանախագահներն իրենց հերթին նոր, արդի իրողություններին համահունչ մոտեցումներ առաջարկեն՚:











































