ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից արտագաղթի 3 ալիք է նկատվել: Առաջին երկուսը նկատվել են 1991-1994 թթ. և 1999-2001 թթ., իսկ երրորդը սկսվել է 2009-ի վերջին և շարունակվում է մինչ այժմ: Այս մասին այսօր ասաց Կովկասի ինստիտուտի փարձագետ Հրանտ Միքայելյանը` «Արտագաղթի հոգեբանություն. գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» գիտաժողովի ժամանակ:
Նրա խոսքով` 2002-2006 թթ. Ռուսաստանից Հայաստան էականորեն ավելի շատ մարդ է եկել, քան գնացել է, այսինքն` ներգաղթ է եղել: Մինչդեռ 2012-ին ՀՀ-ից ՌԴ մեկնածների և ՌԴ-ից ՀՀ եկածների տարբերությունը (արտագաղթը) հասավ պատմական մաքսիմումի:
Փորձագետը Հայաստանից արտագաղթի մի քանի հիմնական պատճառ է նշում` տնտեսական անկումը, իշխանության նկատմամբ վստահության նվազումը, անհավասարության աճը , պետական ավանդույթների բացակայությունը և այլն: Ընդ որում` Հայաստանի նման տնտեսություն ունեցող Վրաստանից և Ուկրաինայից, օրինակ, արտագաղթ չկա: Նմանապես` կոռուպցիայի մակարդակով ևս Հայաստանը ավելի բարվոք վիճակում է` «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության տվյալների համաձայն, քան Ադրբեջանում և նախկին ԽՍՀՄ մի քանի այլ երկրներում, սակայն Հայաստանից արտագաղթը նշանակալի է` համեմատած այդ երկրների:











































