«Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինված ծայրահեղականները պայքար են մղում մյուս գրոհայինների դեմ երկրի հյուսիսում վերահսկողության հաստատելու համար: Նրանք գրավում են քաղաքներ, գրոհայինների ազդեցությունն աճում է, գրում է The New York Times-ը:
Ջորջթաունի համալսարանի անվտանգության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բրյուս Հոֆմանի խոսքով՝ «Իսլամական պետության» նպատակը տարածքի ստեղծումն է, որտեղ կգործեն նրանց սեփական օրենքները:
«Նրանք ցանկանում են ստեղծել ջիհադական պետություն կամ ջիհադի տարածք: Նրանց պետք չէ ամբողջ երկիրը, չնայած ուրախ կլինեին գրավել այն»,- ասել է նա:
Կազմակերպության հիմքը իրաքյան «Ալ-Քաիդայի» գրոհայիններն են, որոնք ցանկանում են Սիրիայում ի կատար ածել իրենց գաղափարները՝ նշում է թերթը:
Ահաբեկչական խմբավորման հովանավորը «Ալ-Քաիդան» է, որը գրոհայիններին մատակարարում է անհրաժեշտ ամեն ինչ: Ահաբեկչական միջազգային կազմակերպությունը ուղարկում է նաև նոր «մոջահեդների», որոնք ծնունդով տարբեր երկրներից են: Նրանց միավորում է ջիհադի գաղափարը: Գրավյալ քաղաքներում նրանք պոկում են եկեղեցիների խաչերը` դրանք փոխարինելով ջիհադի սև խորհրդանիշով: Ծայրահեղականները սիրիացի երեխաներին սովորեցնում են «անհավատների դեմ պատերազմի» հիմունքները և պահանջում ստեղծել սալաֆիական պետություն:
Ծայրահեղականների դեմ են դուրս եկել նաև սիրիացի իսլամիստները՝ «Սուքուր Ալ-Շամ» խմբավորումից:
«Մենք ցանկանում ենք Սիրիան պահել միասնական: Նրանք ցանկանում են ստեղծել իսլամական պետություն, որը կմիավորվի Իրաքի հետ»,- թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է խմբավորման ներկայացուցիչներից մեկը:
Իսկ վերջին ժամանակներս Սիրիայի հյուսիսում ջիհադականներ սկսել են ուղիղ հակամարտություններ այլ գրոհայինների դեմ: Սեպտեմբերի սկզբին նրանք վերահսկողություն են հաստատել հյուսիսում գտնվող Ազազ քաղաքի նկատմամբ, իսկ մի մի քանի օր առաջ հարձակվել են Իդլիբ մարզի տեղի գրոհայինների դիրքերի վրա:
Գրոհայինների շրջանում բախումներն անհանգստություն են առաջացրել նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդների շարքերում: Բրիտանական The Independent թերթի տվյալներով՝ Սիրիական ազատ բանակի որոշ ղեկավարներ գաղտնի բանակցություններ են սկսել իշխանությունների հետ: Ընդդիմության այլ առաջնորդներ հայտարարել են սեփական շարքերում ծայրահեղականության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:











































