Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Կարլ Այկանը Apple-ում կատարել է 2 միլիարդ դոլարի ներդրում: Նա նաև հաստատել է, որ երկուշաբթի հանդիպում է ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի և ընկերության մի շարք այլ ղեկավարների հետ: Ներդրողի խոսքով՝ բանակցությունների ժամանակ նա կրկին բարձրացրել է այն հարցը, որ Apple-ը պետք է 150 միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնում իրականացնի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես չեմ կարող խոստանալ, որ նրանք կհամաձայնեն հետգնմանը, սակայն կարող եմ հայտարարել, որ կշարունակեմ պնդել դա»,- ասել է Այկանը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ պայմանավորվել է Կուկի հետ շարունակել բանակցություններն այդ հարցով 3 շաբաթից:
Կուկի և Այկանի հանդիպման մասին տեղեկությունների ֆոնին Apple-ի բաժնետոմսերի արժեքը նյույորքյան բորսայում բարձրացել է 2.3 տոկոսով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 487.96 դոլարի:
Forbes-ի գնահատականով՝ Այկանի կարողությունը կազմում է 20.3 մլրդ դոլար:











































