Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է լայնածավալ վերակառուցումներ անցկացնել Հռոմեա-կաթոլիկ եկեղեցում, մասնավորապես՝ բարեփոխել Սուրբ գահի վարչական մարմինը՝ Հռոմեական կուրիան: Այս մասին Հռոմի պապը հայտարարել է la Repubblica հռոմեական թերթի հիմնադիր, լրագրող Էուջենիո Սկալֆարիին տված հարցազրույցի ժամանակ:
Ֆրանցիսկոսը կարծում է, որ եկեղեցին պետք է բացվի ժամանակակից աշխարհի, ժամանակակից մշակույթի առաջ, իսկ դա անհնարին է առանց եկեղեցու ղեկավար մարմինների բարեփոխման: Հռոմի պապի խոսքերով՝ այսօրվա կուրիայի խնդիրը «վատիկանակենտրոնամետ լինելն է, քանի որ այն առաջին հերթին պաշտպանում է Վատիկանի շահերը»: Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ Հռոմեական կուրիան պապական պալատ չէ, սակայն երբեմն այդտեղ հայտնվում են «պալատականներ»:
Ֆրանցիսկոսը երիտասարդության շրջանում գործազրկությունը և ծերունիների միայնակությունն անվանել է ժամանակակից աշխարհի ամենամեծ աղետները: Պոնտիֆիկը խիստ քննադատության է ենթարկել աշխարհում ձևավորված տնտեսական հարաբերությունների համակարգը, «վայրի լիբերալիզմը», որը նրա կարծիքով՝ ուժեղներին ավելի ուժեղ է դարձնում, իսկ թույլերին՝ ավելի թույլ:
Հռոմի պապը հայտարարել է, որ հոգեորսությունը «բացառիկ հիմարություն է», քանի որ հավատացյալները պետք է իմանան և լսեն միմյանց, և հայտարարել է, որ կղերականությունը «չպետք է ընդհանուր ոչ մի բան ունենա քրիստոնեության հետ»:
Ֆրանցիսկոսը ձևակերպել է նաև իր կրեդոն: «Ես հավատում եմ Աստծուն, սակայն ոչ կաթոլիկ Աստծուն: Կաթոլիկ Աստված գոյություն չունի, գոյություն ունի Աստված: Եվ հավատում եմ Հիսուս Քրիստոսին, նրա մարմնավորմանը: Հիսուսն իմ ուսուցիչն է, իմ հովիվը, սակայն Աստված, հայրը՝ լույսը և Արարիչն է»,- նշել է Հռոմի պապը:







































