Բրիտանացի պատմաբան Ջայլսի Միլթոնի պնդմամբ՝ 1919 թվականին Ուինսթոն Չերչիլն արտոնել էր նոր բրիտանական քիմիական զենքի կիրառումը Կարմիր բանակի դեմ, ինչը, քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է օգներ սպիտակներին քաղաքացիական պատերազմի ժամանակ:
«Չերչիլն արտոնել էր քիմիական զենքի կիրառումը բոլշևիկների դեմ»,- Միլթոնի խոսքերն է մեջբերում Daily Telegraph-ը: Պատմաբանը նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չերչիլը զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը:
Նա պատմել է, որ բրիտանացիները գաղտնի մշակել էին M Device անվանումով քիմիական զենքը, որն արկ էր՝ վերջում գազի պարունակությամբ տարայով: Այն մշակվել էր Ուլտշիր կոմսության Փորթոն քաղաքի ռազմական լաբորատորիաներում:
Այդ ժամանակվա բրիտանացի բարձրաստիճան զինվորականները M Device-ը համարել են երբևէ ստեղծված ամենակործանարար քիմիական զենքը:
Միլթոնը պատմել է, որ 50 հազար սարքեր դրվել են ինքնաթիռներն ու այնուհետև նետվել բոլշևիկյան Կարմիր բանակի դիրքերի վրա, ինչպես նաև այն գյուղերի, որոնք վերահսկել են բոլշևիկները:
Միլթոնի հետազոտությունների համաձայն՝ M Device-ի կիրառմամբ քիմիական հարվածները սկսվել են 1919-ի օգոստոսի վերջին, սակայն սեպտեմբերին դադարեցվել, քանի որ աշնանային խոնավ եղանակի պատճառով դրանց արդյունավետությունը ցածր է եղել Չերչիլի նախատեսածից:










































