Ազգային ժողովում մեկնարկած՝ Գլխավոր դատախազի ընտրությունից առաջ խմբակցությունները հստակեցնում են իրենց դիրքորոշումները: ՕԵԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ թեև Կոստանյանի հետ խմբակցության հանդիպման ընթացքում տպավորությունը վատ չէր, նա եկել էր Ճշգրիտ բառամթերքով, նորմալ հանդիպում էր, իրենք ուրախ կլինեին, եթե նման սերնդափոխություն լիներ, սակայն միևնույն ժամանակ այնքան միամիտ չեն, որ հավատան՝ մի ծաղկով գարուն կգա: Խմբակցությունը Կոստանյանին դեմ է քվեարկելու, բայց եթե վերջինս պաշտոնավարման ընթացքում անկեղծ լինի, իրենց օգնության կարիքն ունենա, խմբակցությունը Կոստանյանի թիկունքին կլինի: «Ուզում եմ սխալվել և ներողություն խնդրել, որ սխալվեցինք: Ժողովրդի ներսում անվստահություն կա համակարգի նկատմամբ, մենք ստեղծել ենք հասարակական կարծիք մեր պահվածքով, որ ժողովուրդն իրավունք ունի չվստահել և անգամ սաբոտաժի ենթարկել ցանկացած որոշում»,- ասաց Հակոբյանը՝ նշելով՝ ուզում է հավատալ, որ Կոստանյանն ի զորու կլինի լուրջ տեղաշարժեր կատարել արդարադատության համակարգում:
ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ազատ կլինեն իրենց որոշման մեջ: Խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ Կոստանյանի պաշտոնավարման վեց տարիները ցույց կտան՝ ինչպիսի դատախազ կլինի նա: «Մենք ուրախ կլինենք, եթե պաշտոնավարման ժամանակ նա կարողանա առաջնորդվել բացառապես իր իսկ սկզբունքներով և կարողանա վերացնել մարդկանց մեջ ստեղծված տպավորությունը»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը նշեց, որ Կոստանյանի ուսերին է «դռապաշտ» նախկին դատախազի թողած ժառանգությունը՝ չբացահայտված սպանությունների խրոնիկան: «Ես կարծում եմ, որ Կոստանյանը զրոյից չի սկսում, այդ բեռն իր ուսերին է, ողջ համակարգն է կեղտոտ, Եվրադատարան ներկայացված բոլոր գործերը իշխանությունների գործողությունների հետևանքն են: Կասկած չունենալով, որ մեծամասնությունը կողմ կքվեարկի, այնուամենայնիվ, մեզ հուզող որոշ խնդիրներ դրել ենք թեկնածուի առջև՝ մարտի 1-ի բացահայտում, Տիգրան Առաքելյանի հարցը և այլն: Կլուծի խնդիրները՝ լավ, չի լուծի՝ մեր վերաբերմունքը որևէ բանով չի փոխվի»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, թե կարծում է՝ Կոստանյանը որևէ խնդիր չի լուծի, իրեն թույլ տված շրջանակներից դուրս չի գա: ՀԱԿ-ը կողմ չէ Սերժ Սարգսյանի ներկայացրած որևէ թեկնածուի և Կոստանյանին դեմ է քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք թեև լսում են քննադատությունը, սակայն զազրախոսությունը հաճելի չէ: «Անընդհատ ասել՝ ինչ թերություններ ունի թեկնածուն, մի անձով հնարավոր չէ համակարգը փոխել, սա խոսակցություն չէ, բայց որ Կոստանյանի նշանակումը կարող է դրական նշանակություն ունենալ, սա փաստ է»,- ասաց Գ.Սահակյանը: Նրա խոսքով՝ թեկնածուին պետք է տեսնել այնպես, ինչպես կա, ինքը որսացել է բարեկրթությունը, իսկ դրան ձայն տալը ապագա ունենալ է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































