Հայաստանի և աշխարհի որևէ երկրի, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան Վանուատուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հանգամանքին չպետք է կատակով վերաբերվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀԿ փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ չբացառելով, որ այդ պետությունը մի օր կարող է ճանաչել Արցախի անկախությունը:
Փորձագետի խոսքով՝ որքան էլ փոքր, այդ երկիրը ՄԱԿ-ի անդամ է, և լավ կլինի, եթե Հայաստանը հարաբերություններ ունենա կառույցի անդամ բոլոր պետությունների հետ: «Յուրաքանչյուր քայլ արժեք ունի, սակայն այդ քայլը չպետք է կատարվի սպեկուլյատիվ նպատակներից դրդված»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Ամփոփելով՝ փորձագետը միաժամանակ կարծիք հայտնեց, որ եթե Արցախի անկախության ճանաչման հարցում Հայաստանը հույսը դնում է Վանուատուի նման երկրների վրա, ապա դա այնքան էլ լավ չէ:
ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը չի կարծում, որ Հայաստանի՝ Վանուատուի հետ օրերս Նյու Յորքում դիվանագիտական հարաբերություններ հաստատելը ճանապարհ է դեպի այդ երկրի կողմից ԼՂ անկախության ճանաչում: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Եթե Հայաստանը Վանուատուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեր միայն նրա համար, որպեսզի վերջինս Աբխազիայի օրինակով ճանաչեր նաև ԼՂ անկախությունը, ապա այդ քայլին վաղուց դիմած կլիներ: Միաժամանակ, չեմ բացառում, որ այդ երկիրը կարող է ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց արցախցի պաշտոնյան:
Հարցին՝ որքանո՞վ հեռատես քայլ է նմանօրինակ երկրների կողմից ԼՂ անկախության հնարավոր ճանաչումը, և ինչ կտա դա Արցախին, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Եթե առաջնորդվելու լինենք նման տրամաբանությամբ, ապա ի՞նչ տվեց Կոսովոյին եվրոպական երկրների կողմից անկախության ճանաչումը: Չէ՞ որ ճանաչումը նրա առջև չբացեց ՄԱԿ-ի անդամության դռները: Անկախության ճանաչումն ակտ է և կապ չունի՝ գերտերությա՞ն, թե՞ փոքր երկրի, հեռո՞ւ, թե՞ մոտ պետության կողմից է տեղի ունենում»:
ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ շոշափելի հարթությունում ԼՂՀ միջազգային ճանաչման հնարավորություն մեծապես կարող է բացել Ադրբեջանի կողմից ճանաչումը: «Այս պահին, իհարկե, ես սա իրատեսական չեմ համարում, բայց եթե քաղաքականության մեջ ամեն ինչ պայմանավորենք սույնրոպեական իրատեսությամբ, ապա ոչինչ չպետք է անենք: Պետք է հավատանք, պետք է հուսանք ու աշխատենք: Պետք է անենք ամեն բան, որպեսզի ԼՂ անկախությունն իրավական առումով ճանաչվի Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ խաղաղօվկիանոսյան այդ պետությունը ճանաչել էր Աբխազիայի անկախությունը՝ դառնալով Ռուսաստանից, Վենեսուելայից, Նիկարագուայից, Նաուրուից և Տուվալուից հետո նման որոշում կայացրած վեցերորդ երկիրը:






































