«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ,
– Պարոն Մալաշենկո, Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկության մասին: Թեև այդ որոշումը դեռ պաշտոնապես ամրագրված չէ, այնուամենայնիվ պաշտոնական հայտարարություն եղել է, ուստի ի՞նչ է սպասվում Հայաստանին ՄՄ–ի կազմում:
– Այդ մասին դեռևս ոչ ոք չի կարող որևէ հստակ բան ասել, որովհետև երբ այս ամենն աշխատի և տեսանելի լինի արդյունքը, ապա կարելի է ենթադրություններ անել, որովհետև, եթե մենք դիտարկենք ՄՄ այլ անդամ երկրներին, օրինակ՝ Ղազախստանին, ապա այնտեղ արդեն որոշակի հիասթափություն է տիրում այդ միությունում, քանի որ Ղազախստանը չստացավ այն, ինչ ցանկանում էր: Հայաստանն, իհարկե, Ղազախստան չէ, ավելի փոքր է, ուստի հավակնությունները ևս ավելի փոքր են, բայց պետք է տեսնել ինչպես կդասավորվեն իրադարձությունները, որովհետև Հայաստանը չունի ռուսական շուկա դուրս գալու խնդիր. դա Հայաստանի համար ամենակարևորը չէ:
Օրինակ՝ Ղազախստանի համար հույսեր կային, քանի որ բիզնեսի զարգացման համար օրենքներն ավելի հեշտ են, քան Ռուսաստանում, ուստի ռուսական բիզնեսը միգուցե ներթափանցեր Ղազախստան: Այնպես որ, դեռ ես չեմ տեսնում իրատեսական ձեռքբերվելիքն ու կորուստը: Իսկ Ռուսաստանի համար դա շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանի համար ՄՄ-ն իր վերադարձն է հետխորհրդային տարածաշրջան, որպես միանշանակ առաջատար: Բայց տարբերությունն այն է, որ Ղազախստանի համար շահարկվում է Եվրասիական տարածության գաղափարը, իսկ Հայաստանի տարբերակում այդ մասին խոսք լինել չի կարող, այսինքն՝ դա դեռևս համաձայնություն էր, և այն հրապարակվել էր որոշակի ճնշման ներքո, քանի որ Հայաստանն ամբողջությամբ կախված է ՌԴ-ի ռազմական մատակարարումից, այնպես որ՝ ես չէի ցանկանա հեռուն գնացող ենթադրություններ անել:
– ՄՄ անդամ երկրների հետ Հայաստանը չունի նաև ընդհանուր սահման, սա լուրջ խոչընդոտ չէ՞ ՄՄ–ին անդամակցության ճանապարհին: Բացառո՞ւմ եք արդյոք, որ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Հայաստանը ժամանակի ընթացքում հեռանա ՄՄ–ից՝ տնտեսական հետաքրքրություններ փնտրելով Եվրոպայում:
– Դա շատ լուրջ և կարևոր է. ինչպե՞ս պետք է առևտրաշրջանառություն տեղի ունենա: Շատ դժվար է դիտարկել այդ հարցը, Ադրբեջանի հետ հարաբերությունները «հատուկ» են, Վրաստանինը Ռուսաստանի հետ ավելի լավ է դարձել, բայց կան շատ տեխնիկական հարցեր, որոնք պետք է հաշվի առնել: Ուստի այդ հայտարարությունը դեռևս խորը չպետք է վերլուծել, քանի որ դա հայտարարություն է ցանկությունների մասին:
– Պարոն Մալաշենկո, տնտեսական սպասելիքներն անորոշ են, իսկ եվրասիական ինտեգրացիոն միություններում արդեն ձևավորե՞լ է որոշակի արժեքային բազա:
– Կասկածում եմ, որ այսօր կան նման արժեքներ: Թեև ժամանակ առ ժամանակ Վլադիմիր Պուտինն այդ մասին խոսում է, որ կան արժեքներ, բայց մի փոքր անհասկանալի է՝ եվրասիական արժեքները հետխորհրդայի՞ն արժեքներ են, թե՞ խորհրդային. դա դեռևս ամենալավ տարբերակը չէ, որ կարող է լինել: Դա որոշակի առումով պոպուլիզմ ու դեմագոգիա է: Որպեսզի հետխորհրդային երկրների համար արժեքներ ձևավորվեն, չափազանց երկար ժամանակ է անհրաժեշտ և երկար ճանապարհ պետք է անցնել: Իսկ այսօր, երբ խոսվում է այդ մասին, դա որոշ առումով հիշողություն է, որ ինչ-որ ժամանակ եղել է մեկ պետություն: Ոչ ավելին:
– Հայաստանը հայտարարում է, որ ցանկանում է շարունակել քաղաքական համագործակցությունը ԵՄ–ի հետ՝ պնդելով, որ դա չի հակասի ՄՄ–ին Հայաստանի անդամակցությանը, քանի որ դրանք համատեղելի են, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ հայտարարում է, որ Հայաստանը մասնակցելու է նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ լինելով հիմնադիրներից մեկը: Սա էլի քաղաքական ընտրության հարց չի՞ դառնալու ապագայում:
– ՌԴ-ի գաղափարը հետևյալն է՝ ղեկավարել այդ հետխորհրդային տարածությունը, իսկ հետո առաջնորդի դիրքում որոշել՝ կարելի՞ է արդյոք միանալ Եվրոպային, թե՞ ոչ: Ուստի ես չեմ կարծում, որ Հայաստանը հայտնվի այն կարգավիճակում, ինչ Ուկրաինան, բայց Հայասատանը ստիպված կլինի մանևրել, ստիպված կլինի հաշվի առնել ՌԴ-ի շահերը և ռուսաստանյան հավակնությունները և միաժամանակ հաշվի առնել այն, որ չի կարող գոյատևել առանց Եվրոպայի հետ մերձեցման, դա պարզ հարց չէ: Այն որոշումը, որը նախնական կատարվել է, շատ հետաքրքրական է:









































