Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, նախկին ռազմական խունտայի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենն այսուհետ «1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման» գործով ցուցմունքներ է տալու տնային պայմաններում։
Էվրենի փաստաբանները նախապես այդպիսի խնդրանքով դիմել էին դատարան՝ դա պատճառաբանելով իրենց պաշտպանյալի տարիքով ու առողջական վիճակով։ Այսուհետ դատախազության ներկայացուցիչները ստիպված կլինեն շարունակ այցելել Անկարայում գտնվող 94-ամյա գեներալի տուն։
Նշվում է, որ Քենան Էվրենը, ինչպես նաև ռազմական հեղաշրջման ժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար Թահսին Շահինքայան Ստամբուլի դատախազություն էին կանչվել մայիսի 31-ին։
Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում արձակվեց երկրի խորհրդարանը, տապալվեց Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը։ Դեմիրելը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Բյուլենթ Էջևիթն ու Ալփասլան Թյուրքեշը ձերբակալվեցին։ Երկրում փակվեցին բոլոր քաղաքական կուսակցությունները և մտցվեց ռազմական դրություն։
Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650,000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1,683,000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210,000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230,000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ այդպիսի պատժաչափ էր սպառնում 7000 հոգու, 388,000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30,000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20,000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14,000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30,000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների առաջադրվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37,000 տոննա թերթ ու հանդես:
1982 թվականի նոյեմբերի 7-ին Քենան Էվրենը 7-ամյա ժամկետով նշանակվեց Թուրքիայի 7-րդ նախագահ:





































