Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմում հավաքված կրոնական ղեկավարներին և հասարակական գործիչներին կոչ է արել ջանք չխնայել՝ Սիրիայում և Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար: Այս մասին հաղորդում է Վատիկանի ռադիոն:
«Մենք երբևիցե չենք կարողանա հաշտվել ժողովուրդների ցավի հետ, որոնք գերի են պատերազմին, աղքատությանը, շահագործմանը: Մենք չենք կարող նաև անտարբեր լինել երեխաների ողբերգության, պատերազմից տուժած ընտանիքների, տարեցների նկատմամբ»,- ասել է Ֆրանցիսկոսը: Նա հավելել է նաև, որ բռնությունը չի կարող ոչ մի կրոնական արդարացում ունենալ:
«Կրոնական ղեկավարը միշտ էլ խաղաղության մարդ է»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը:
Պապը նաև նշել է, որ խաղաղության համար անհրաժեշտ է աշխույժ, համբերատար, ուժեղ խելացի երկխոսություն, քանի որ միայն նման երկխոսությունը կարող է հաղթել պատերազմում:











































