Միխեիլ Սաակաշվիլին «չպետք է մեզ խելք սովորեցնի, թե ինչպես կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի հետ»: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ինքը պատրաստ է կառավարության հետ համակարգված կերպով գործել՝ կանխելու համար Ռուսաստանի գործողություններն ընդդեմ Վրաստանի:
Իվանիշվիլին ասել է, որ Սաակաշվիլին առյուծի մեծ բաժին ունի նրանում, թե վերջին տարիներին ինչ վիճակում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Վարչապետի կարծիքով՝ Սաակաշվիլին 2004թ. դառնալով նախագահ՝ նախկին իշխանություններից ստացավ ոչ այդքան լավ ժառանգություն ՌԴ հետ հարաբերությունների ոլորտում:
Վարչապետի խոսքերով՝ նախագահն անձամբ 2008թ. շատ սխալներ և սխալ գործողություններ է թույլ տվել, այդ պատճառով նա չպետք է սովորեցնի՝ ինչպես բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նոր կառավարությունը կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների բարելավման սկզբունքային և հետևողական քաղաքականությունը և կուղղի այն սխալները, որոնք թույլ են տվել երկրի նախկին իշխանություններն այս ուղղությամբ:










































