Հայաստանի կառավարությունը հաստատել և ԱԺ-ին է ներկայացրել 2014 թվականի բյուջեի նախագիծը: Նախագծի թվային տվյալների վերլուծությունը թողնելով մասնագետներին, տնտեսագետներին ու ֆինանսիստներին՝ անդրադառնանք այդ իրողության հասարակական-քաղաքական կողմին:
Նախ՝ բյուջեի նախագծի ներկայացումը ինքնին կարևոր քաղաքական քայլ է, որով փաստացի նախանշվում է առնվազն մեկ տարվա կտրվածքով պետության ընթացքը: Այս տեսանկյունից բյուջե 2014-ում չկա որևէ էական հիմք՝ պնդելու, որ 2014 թվականին Հայաստանի իշխանությունները պլանավորում են երկրի որակապես նոր ընթացք: Թեև այս առումով օրիգինալություն չի եղել նաև նախորդ բյուջեներում: Պարզապես այսքանով հանդերձ՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում 2014 թվականի ընթացքում որակական փոփոխություններ չեն սպասվում: Հակառակ դեպքում բյուջե 2014-ն արդեն իսկ պետք է հանրային հնչեղություն ստացած լիներ՝ իր մեջ ներառված հավակնոտ ծրագրերի առումով:
Այս տեսանկյունից հատկանշական է Տիգրան Սարգսյանի ծրագրային ելույթը խորհրդարանում՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո կառավարության ծրագրի ներկայացմանը: Եթե հիշում եք, Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն: Մտածողությունը՝ մտածողություն, սակայն նույնիսկ նման հեղափոխությունը կոնկրետ գին արժե, իսկ քանի որ պետությունը վճարում է բյուջեով, ապա պետք է արձանագրել, որ 2014 թվականի բյուջեն մտածողության հեղափոխության «ծախսեր» բոլորովին չի նախատեսում: Այնպես որ՝ հերթական անգամ գործ ունենք ընդամենը լճացման բյուջեի հետ:
Սակայն այստեղ կա մի առանձնահատուկ հանգամանք: Հասարակությունն այս ամենին վերաբերվում է անտարբերությամբ: Բյուջեն այն փաստաթուղթն է, որը մշակվելուց և ԱԺ ներկայացնելուց հետո՝ անկախ նրանից, թե ԱԺ-ում ինչ ժամանակացույցով է քննարկվելու, հասարակական-քաղաքական կյանքում պետք է դառնար առանցքային: Սակայն Հայաստանում բոլորն ըստ էության թքած ունեն բյուջեի վրա, որովհետև գիտեն՝ միևնույն է, այդ ամենը թալանի համար է, ոչ թե զարգացման: Սակայն նույնիսկ այդ տեսանկյունից Հայաստանում չկա պետական դրամապանակի վերաբերյալ ադեկվատ հասարակական դիրքորոշում, այսինքն՝ չկա հասարակական պահանջ բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետության մասով: Մարդիկ գիտեն, որ միևնույն է՝ գողանում են, շատ են գողանում, և այդքանը՝ ոչ մի ընդվզում:
Վառ օրինակներից մեկը Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունն է՝ բազմաբնակարան շենքերի արտաքին գունազարդման վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանն, իհարկե, արդեն կապ չունի պետական բյուջեի հետ, այն ունի իր բյուջեն, սակայն երկու դեպքում էլ խոսքը հանրային միջոցների մասին է, հետևաբար խնդիրը նույնն է երկու դեպքում էլ: Երևանի քաղաքապետարանը կարծես թե վերածվել է գումարների մսխման կամ լվացման մի մեծ լվացքի մեքենայի, որտեղ փողերը պտտվում, պտտվում են, սակայն քաղաքացին այդպես էլ չի տեսնում դրա շոշափելի էֆեկտը՝ ընդամենը բավարարվելով վիզուալով:
Երևանյան շենքերը ներկելու փոխարեն՝ կարելի է, օրինակ, ուշադրություն դարձնել ծայրամասային համայնքներում առկա վիճակին, որտեղ փողոցային պանելները մարդկանց գլխին են փլվում, օրինակ՝ Էրեբունիում, որտեղ փողոցներում ասֆալտ չկա՝ այն դեպքում, երբ Կենտրոնում եղած ասֆալտը քերում և նորն են անում: Ծայրամասերում ենթակառուցվածքային խնդիրները պարզապես աչք են ծակում, իսկ քաղաքապետարանը շենքեր ներկելով կամ, ավելի պարզ ասած, թիթեռ նկարելով է զբաղված:
Այս ամենով հանդերձ՝ ցավալին այն է, որ կան քաղաքացիներ, որոնք հիանում են թիթեռի գեղեցկությամբ՝ մոռանալով, որ թիթեռը մեկ օրվա կյանք ունի, մինչդեռ Երևանի շատ ծայրամասերում մի ամբողջ կյանք ոչինչ չի կատարվում:
Եվ քանի դեռ կան թիթեռի գեղեցկությամբ հիացող քաղաքացիներ, որոնք մոռանում են այդ թիթեռի կյանքի տևողության մասին, Հայաստանում կշարունակեն երկար կյանք ունենալ բյուջետային մսխումները, չարաշահումները, փոշիացումները, իսկ Երևանի ծայրամասերն ու հանրապետության հեռավոր շրջաններն էլ կշարունակեն իրենց թշվառ գոյությամբ վճարել քաղաքապետարանի նկարչության դիմաց:










































