Հայաստանի Հանրապետության զինդատախազ, Գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումների շրջանակում սեպտեմբերի 30-ին հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:
ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հանդիպման ընթացքում իրենք առաջ են քաշել մեր երկրում իրավունքի գերակայության անհրաժեշտության, արդարադատության զարգացման հարցը: «Ավելի լավ է՝ անազատության մեջ լինեն շատ հանցագործներ, քան թե մի անմեղ մարդ դատապարտվի: Դատախազը նշեց, որ արդարության սկզբունքը իր համար ուղենիշ է, աշխատանքի ընթացքում պայքարելու է դրա համար, ինքը դրա առաջամարտիկն է»,- ասաց նա: Հարցին՝ Կոստանյանն արդյոք ավելի լա՞վ է պատկերացնում իրավական դաշտում եղած խնդիրները, քան Աղվան Հովսեփյանը, Մ.Մնացականյանը պատասխանեց, որ դրանք ժամանակն է ցույց տալիս: «Չեմ կարծում, որ Աղվան Հովսեփյանը չէր աշխատում այդ ուղղությամբ, նոր նշանակումը շատ բնական է, նոր թեկնածուն իր ասելիքը կասի, բնական է»,- ասաց նա:
Դատախազի ընտրության քվեարկությունը կկայանա վաղը, Մնացականյանի խոսքով՝ այսօր ԱԺ-ում Կոստանյանի հետ հանդիպում է լինելու, տարբեր խմբակցությունների կողմից հարցեր կլինեն: Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկելու դատախազի թեկնածությանը:











































