Չինաստանի իշխանությունները որոշել են ավելի խիստ միջոցներ սահմանել՝ պատժելու այն մարդկանց, ովքեր կեղծ հաղորդագրություն են տարածում հասարակական վայրերում կամ տրանսպորտում պայթուցիկ սարքերի մասին՝ հաղորդում է China Daily-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ նոր օրենքների համաձայն՝ եթե ահաբեկչական վտանգի մասին կեղծ հաղորդագրության պատճառած տնտեսական վնասը գերազանցի 500 հազար դոլարը, նման հաղորդագրություն տարածած անձանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Իշխանությունների նման որոշման պատճառը օդանավակայաններում հաճախակի դարձած կեղծ ահազանգերն են, որոնք զգալի վնաս են հասցնում ընկերություններին: 2013թ. սկզբից չինական օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է առնվազն 80 անգամ՝ պայթուցիկ սարքերի մասին հաղորդագրությունները ստուգելու համար:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ինչ-որ տեղ պայթուցիկ սարք գտնվելու մասին կեղծ հաղորդագրությունները հաճախ տարածվում են հետաքրքրասիրությունից դրդված: Սակայն հայտնի են նաև դեպքեր, երբ չինացի երիտասարդ տղաները ինքնաթիռում ռումբի մասին կեղծ հաղորդագրություն են տարածել՝ իրենց սիրած աղջիկներին մեկնելուց հետ պահելու համար:









































