Ժնևում Սիրիայի հարցով համաժողովի անցկացումը մինչև հիմա հարցականի տակ է, սակայն հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը շարունակվում են: Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, նման տեսակետ է հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:
«Չնայած այն բանին, որ հայտարարվել էր մինչև նոյեմբերի կեսը «Ժնև-2»-ն անցկացնելու հնարավորության մասին, հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ»,- ընդգծել է Բրահիմին:
Նրա խոսքով՝ Շվեյցարիայում ակնկալվող հանդիպումը ուղղված կլինի համաձայնագրերի կատարմանը, որոնք ձեռք են բերվել 2012թ. հունիսի 30-ին՝ Ժնևի առաջին համաժողովին: Բրահիմին կարծում է, որ հավանական հանդիպումն արմատապես կտարբերվի նախորդ տարվա հանդիպումից, քանի որ դրան պետք է ներկա լինեն ինչպես պաշտոնական Դամասկոսի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները:
Միևնույն ժամանակ բացառված չէ, որ Իրանը ևս պատվիրակություն ուղարկի՝ չնայած Սիրիայի ընդդիմությունը կտրականապես դեմ է դրան:
«Ծայրահեղ կարևոր եմ համարում Իրանի մասնակցությունն այս համաժողովին»,- ասել է Բրահիմին՝ ընդգծելով, որ Եգիպտոսը, Կատարը, Սաուդյան Արաբիան և ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին և արաբական այլ պետությունների ղեկավարներ կհրավիրվեն Ժնև:
Բրահիմին ընդգծել է, որ նման բազմակողմ բանակցություններ անցկացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցմանը, և հույս է հայտնել, որ դա տեղի կունենա մինչև համաժողովի անցկացումը:







































