Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Ստրասբուրգում կմեկնարկի այս տարվա վերջին՝ աշնանային, լիագումար նստաշրջանը, որի աշխատանքներին կմասնակցի նաև Դավիթ Հարությունյանի գլխավորած հայկական պատվիրակությունը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նստաշրջանի` հոկտեմբերի 2-ի նիստում նախատեսված է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Նա նաև կպատասխանի ԵԽԽՎ-ի նախօրոք հերթագրված պատվիրակների հարցերին:
Նստաշրջանի առաջին օրը Վեհաժողովի անդամներին ավանդական ուղերձով կդիմի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և կպատասխանի հարցերին:
Օրակարգի նախնական տարբերակում Հայաստանին անմիջականորեն վերաբերող այլ հարց չկա:
Ըստ ԵԽԽՎ-ի լրատվական ծառայության՝ նստաշրջանի օրակարգում են ազգային անվտանգության, տեղեկատվության մատչելիության, Բոսնիայում և Հերցեգովինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, ինչպես նաև՝ երեխաների ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խնդիրների քննարկումները:
Ի դեպ, նախատեսված են նաև Եվրոպայում հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ քննարկումներ, որոնց կմասնակցի Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը:
Ներկայացվել է նաև Սիրիայի իրավիճակի վերաբերյալ անհապաղ քննարկումներ իրականացնելու հայտ:









































