Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է կիբեռպահուստայինների կարգավիճակով մի քանի հարյուր համակարգչային մասնագետներ ընդունել աշխատանքի, որպեսզի վերջիններս օգնեն պաշտպանելու ազգային անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հաստատել է կիբեռպահուստ ստեղծելու տեղեկատվությունը, որը ծայրահեղ կարևոր համակարգչային ցանցերի և կենսական նշանակություն ունեցող տվյալների պաշտպանության նպատակով կհամագործակցի կանոնավոր զորքերի հետ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ կիբեռպահուստը բաժանված կլինի երեք տիպի ծառայողների՝ զինված ուժերի կադրային կազմ, որը լքում է զինված ծառայությունը, գործող և նախկին պահուստայիններ, որոնք տիրապետում են անհրաժեշտ հմտություններին, ինչպես նաև անձինք, ովքեր ռազմական փորձ չունեն, սակայն տիրապետում են տեխնիկական հմտություններին, փորձին և ունակ են աշխատելու այս բարձր մասնագիտացված ոլորտում:







































