Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրավիճակը նորմալ կայուն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունները, թե գյուղում լարված իրավիճակ է: Գյուղի մանկապարտեզի մեծ թվով աշխատակիցներ, իրոք, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: Պատճառն, ըստ Մուրադյանի, այն է, որ վերջիններս նախկինում աշխատել են, աշխատանքի են եկել ժամը 11:00-ին, աշխատանքն ավարտել 15:00-ին:
«Մանկապարտեզի տնօրենը փոխվել է. նախկին տնօրենը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից, բնականաբար` նոր տնօրեն ենք նշանակել, ով շատ ռեալ է մոտենում իր աշխատանքին, օրենքով սահմանված կարգով պահանջում է աշխատակիցներից, որ 09:00-ից մինչև 17:00 – 17:30-ը լինեն աշխատանքի տեղում»,- ասաց գյուղապետը` ընդգծելով, որ հենց դա է առաջացրել որոշ աշխատակիցների դժգոհությունը:
Մանկապարտեզի 22 աշխատակիցներից յոթն են ազատվել աշխատանքից, ընդ որում` սեփական դիմումի համաձայն: Մանկապարտեզում վիճաբանությունների մասին լուրերն, ըստ գյուղապետի, ասեկոսեներ են. «Նման բան չի եղել, լրատվամիջոցները պարզապես ճոխացրած են ներկայացրել: Եղել են տարաձայնություններ, սակայն որևէ արտառոց բան չկա»:
Մուրադյանը տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ` ինչպես էր գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տանիքում պայթուցիկ սարք հայտնաբերվել: Նա հայտնեց, որ հետաքննություն է ընթանում, իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով, ինքն էլ իր կողմից խստացրել է հսկողությունը դպրոցում՝ պահակներն այնտեղ խիստ կարգադրությամբ հերթապահում են թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ահազանգել էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տիրող լարված իրավիճակի, զանգվածային հրաժարականների մասին:








































