Հայաստանի երրորդ հանրապետությունը պետք է ունենա հիմն և գերբ, որոնք միանգամայն նոր ձևով կարտահայտեն երրորդ հանրապետությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մշակութաբան Վարդան Ջալոյանը` անդրադառնալով երիտասարդ խորհրդարանականների նոր նախագծին, ըստ որի`օրհներգի տեքստային հատվածում փոփոխություններ են կատարվելու: «Առաջին հանրապետության հիմնը ևս սա էր, երկրորդ անգամ այն դարձել է մեր հիմնը, սակայն մենք չենք կարող ոչ մի կերպ լինել առաջին հանրապետության շարունակությունը: Մեզ մոտ գնում են ռուսական` ուղղումներ մտցնելու ճանապարհով, որ բոլորովին ստեղծագործական մոտեցում չէ: Ես կարծում եմ` ամեն հանրապետություն պիտի ունենա իր հիմնը»,- ասաց Ջալոյանը: Նա նշեց, որ ռուսները ժամանակին անխոս էին երգում իրենց հիմնը: Ըստ մշակութաբանի` գուցե օրհներգի տեքստի փոփոխության ճանապարհն այնքան էլ վատը չէ, բայց պետք է գնալ նոր հիմն ունենալու ճանապարհով:
Գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ թեև իրեն չի կարող իրավունք վերապահել երիտասարդ խորհրդարանականներին խորհուրդ տալ, սակայն կցանկանար, որ մինչև օրհներգի բառերի խմբագրմանն անցնելը նրանք խմբագրեին մեր կյանքը: «Այսօր իրենց հասակակից Տիգրան Առաքելյանը 6 տարի ժամկետով բանտարկված է: Թող իրենք իրենց ձայնը միացնեն բոլորիս ձայնին»,- ասաց Խոդիկյանը` նշելով, որ մի կողմից Սյունիքի մարզպետի որդուն, ով մարդ է սպանել, ազատում են քրեական հետապնդումից, մյուս կողմից` Տիգրան Առաքելյանին, ով իր և բոլորիս իրավունքների պաշտպանության համար փողոց է դուրս գալիս և հանկարծ հպվում է ոստիկանին, կալանավորում են: «Թող իրենք ավելի լավ է փորձեն ինչ-որ բան փոխել Տիգրան Առաքելյանի ճակատագրում»,- ասաց նա:
Երիտասարդական խորհրդարանի անդամներն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ պետական օրհներգում. «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը հոկտեմբերի 4-ին քննարկման կդրվի երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստում: Օրինագծի հեղինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Տաթևիկ Խանամյանն առաջարկում է հիմնի առաջին տան վերջին տողից հանել «ազատ-անկախ»-ը, փոխարենն ասել «վերածնված»: Օրհներգի երկրորդ քառատողը, նրա համոզմամբ, լացակումած է, և մեզ հարիր չէ, որ հնչի այդ տխուր հիմներգը, ուստի օրենքի նախագծով նախատեսվում է այդ քառատողն ընդհանրապես դուրս բերել տեքստից: Ի վերջո, հիմնը կունենա երեք քառատող, կավարտվի բարձր նոտայով և փառահեղ վերջաբան կունենա:







































