«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ավազի հսկայական հանքեր ունեն Արարատի մարզում Արաքս գետի ափին: Իհարկե, Արաքսի ափին միայն այս երկու պաշտոնյաները չէ, որ ավազահանքեր ունեն, բայց տեղացիները շեշտում են հատկապես նրանց գործունեությունը, քանի որ դրանք ավելի լայնամասշտաբ են:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակում եղավ, որ Արաքսի ափի հանքի սեփականատերերն անխնա ավազ են արդյունահանում, և այդ պատճառով հայկական կողմից գետի հունը ներս է եկել` խախտելով հայ-թուրքական սահմանը հօգուտ Թուրքիայի: Որոշ տեղեկությունների համաձայն գետի ափը առավել խախտող ավազահանքերը պատկանում են Գ. Ծառուկյանին ու Հ. Աբրահամյանին, որոնց կողմից այդ հանքերի արդյունահանման արդյունքում Հայաստանի սահմանն ահագին լայնությամբ ու երկարությամբ ներս է եկել` փոխելով նաև գետի հունը և թուրքերին հնարավորություն տալով իրենց սահմանը մեծացնել ի վնաս Հայաստանի:
Դժվար է ասել, թե ինչու այս հանգամանքի վրա պատկան մարմինները ուշադրություն չեն դարձնում, միգուցե թուրքերին մի քանի մետր լայնությամբ ու հարյուրավոր մետր երկարությամբ ավելի շատ հող տալը մեր կողմից կորուստ չի համարվում: Հատկապես, որ հայկական հողերի մեծ մասն այդ երկրի տարածքում է: Եվ հատկապես, որ վերը նշված օլիգարխները գրեթե առանց ներդրումների գետի հունը փորելով ահռելի գումարներ են աշխատում:
Ի դեպ, հրապարակման մեջ նշված էր, որ Արարատի մարզի Գետահովիտ այցից հետո կտրուկ վատացել է Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ինքնազգացողությունը: Երբ նա տեսել է, որ մեր հայրենի բիզնեսմենները շահագործում են Արաքսի հունի հողերը և արդյունքում ոչ միայն ՀՀ սահմանն են նեղացնում, այլև անվերականգնելի վնաս հասցնում շրջակա միջավայրին` ստեղծելով գետի հունի փոխվելու և հեղեղումների լուրջ վտանգ, սրտի տագնապ է ունեցել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































