ՄԱԿ-ի գլոբալ հանձնաժողովը եկել է եզրակացության, որ աշխարհում թմրանյութերի օրինականացումը և դրա համար քրեական հետապնդման վերացումը ավելի արդյունավետ կլինի, քան թմրանյութերի տարածման դեմ տարվող պատերազմը։ Այս հանձնաժողովի մեջ են եղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը և Մեքսիկայի, Կուբայի, Կոլումբիայի և Բրազիլիայի նախկին նախագահները։ Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը։
Զեկույցում նշվում է, որ թմրանյութերի դեմ պայքարը հանգեցրել է միայն թմրանյութերի վաճառքի տեմպերի և կազմակերպված հանցագործության աճին։ Ընդ որում՝ սա միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում հարկատուներին և խլում է հազարավոր մարդկանց կյանքեր։ ՄԱԿ-ի տվյալներով, 1998-2008 թթ. օպիում պարունակող նյութերի օգտագործումն աճել է 35%-ով, կոկայինինը՝ 27%-ով, իսկ մարիխուանայինը՝ 8.5%-ով։ Զեկույցի հեղինակները քննադատել են այն երկրների իշխանություններին, որոնք համարում են, որ պայքարի այս մեթոդներն արդյունավետ են։
Նրանք գրել են, որ «քաղաքական գործիչները և հասարակական դեմքերը պետք է իրենց մեջ տղամարդկություն գտնեն և հրապարակայնորեն ընդունեն. գոյություն ունեն համոզիչ ապացույցներ, որ ուժային մեթոդներով թմրանյութերի տարածման դեմ պայքարելը չի կարող լուծել այս խնդիրը, իսկ նարկոմանիայի դեմ պայքարում հնարավոր չէ հաղթել»։
Ամենամեծ քննադատության է արժանացել ԱՄՆ-ն։








































