Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հուլիսի 18-ին նամակ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որտեղ երկրի իշխանություններին կոչ է արել հետ չկանգնելու իրավական պետության նորմաներից և Եվրամիության հիմնարար արժեքներից։
Լեհաստանի նոր օրենսդրությունը «հարուցում է Եվրախորհրդարանի լուրջ անհանգստությունը, քանի որ կարող է հակասել ԵՄ-ի հիմնարար պայմանագրերին, թուլացնել Լեհաստանի դատական համակարգի անկախությունն ու անկանխակալությունը և երկրում խախտել իշխանությունների բաժանումը»,- ասված է ուղերձի տեքստում, որը զետեղված է Տայանիի թվիթերյան Էջում:
Հուլիսի 15-ին Լեհաստանի Սենատն առանց փոփոխությունների ընդունել է արդարադատության նախարարության պատրաստած ուղղումներն Ազգային դատական խորհրդի մասին օրենքում, ինչպես նաեւ ընդհանոուր դատարանների աշխատանքի մասին օրենքում: Օրենքների ընդունման համար այժմ անհրաժեշտ են երկրի նախագահ Անջեյ Դուդայի ստորագրությունները:
Ուղղումները ենթադրում են դատարանների նախագահների նշանակման և հեռացման կանոնների փոփոխություններ՝ արդարադատության նախարարի լիազորությունների ուժեղման միջոցով, ինչպես նաեւ Ազգային դատական խորհրդի անդամների ընտրություն սեյմի պատգամավորների քվեարկության միջոցով, որտեղ մեծամասնությունը պատկանում է կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությանը:
Բացի դրանից, սեյմի պաշտոնական կայքում հրապարկվել է կառավարող կուսակցության օրինագիծը, որը ենթադրում է փոփոխություններ Գերագույն դատարանի դատավորների ընտրության կարգում, ինչպես նաեւ ներկայիս դատավորների պաշտոնազրկման հնարավորություն, «բացառությամբ նրանց, ում կնշի արդարադատության նախարարը»:
Լեհաստանի ընդդիմությունն այդ ուղղումները համարում է «ոտնձգություն ժողովրդավարության դեմ»: Ընդդիմադիր քաղաքական գործիչները Եվրահանձնաժողովին հորդորել են միջամտել ստեղծված իրավիճակին՝ հայտնում է RIA Novosti-ն։










































