Կառավարության շենքի մոտ այս պահին տեղի է ունենում 5 բողոքի ակցիա: Սպանված զինվորների մայրերին, սեփականության իրավունքից զրկված մարդկանց այսօր միացել են նաև սննդի անվտանգության պետական ծառայության կազմաքանդման արդյունքում անգործ մնացած շուրջ 80 մարդկանց ներկայացուցիչներ, ինչպես նաև նոտարների անօրենություններից տուժած անձինք: Այստեղ են նաև Սվետլանա Աթոյանը և Ալվարդ Մարգարյանը, որոնց երեխաները սպանվել են Բերդ քաղաքի հիվանդանոցում: Համաներման արդյունքում ազատ են արձակվել այդ սպանության մեջ մեղադրվող 2 բուժաշխատողները, որոնք այսօր են միայն ընդգրկվել համաներվածների ցուցակում:
Ակցիայի մասնակիցները կառավարության նիստից առաջ փորձեցին մոտենալ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, սակայն նրանք բոլորը հրաժարվեցին պատասխան տալ բողոքողների հարցերին: Հիմա մարդիկ ցուցապաստառներով սպասում են կառավարության նիստի ավարտին:
Նշենք նաև, որ բողոքի ակցիա են կազմակերպել նաև մի խումբ թոշակառու օդաչուներ, որոնք հաշմանդամ են դարձել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում և պետության կողմից որևէ փոխհատուցում չեն ստացել, բազմիցս բողոքել են, բայց ոչ մի պատասխան (նույնիսկ բացասական) չստանալով՝ այժմ բողոքով դիմում են վարչապետ Տիգրան Սարգսյանին:









































