ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով այսօր որպես կասկածյալ հարցաքննվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Նշենք, որ այս քրեական գործը կապ չունի այս օրերի ամենաաղմկահարույց գործի` դատական կարգադրիչների ծառայության գործի հետ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում Միսակ Մարտիրոսյանի դեմ ցուցմունք է տվել դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանը: Նա իրավապահներին պատմել է, որ Միսակ Մարտիրոսյանը կաշառք է վերցրել մարդկանցից՝ նրանց աշխատանքի ընդունելու համար:
Ասենք, որ Անգին Իսախանյանը ևս դեպարտամենտից հեռացվել է կաշառք վերցնելու համար, սակայն այն ժամանակ կատարվածն իրավական արձագանք չի գտել: Հիմա, թերևս, տիկին Իսախանյանը որոշել է վրեժ լուծել իրեն ազատելու համար և «փուռը տալ» իր նախկին ղեկավարին:
Այսօրվանից որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Ըստ տեղեկությունների` Միսակ Մարտիրոսյանին սանկցիա են տվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:





































