Ճապոնիայի Մացուսիմա քաղաքում հոկտեմբերի 14-ին հանրության համար կբացվի մանուշակագույն փչովի հսկա համերգասրահ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Աշխարհում առաջին մեծ չափերի փչովի համերգասրահը նախագծվել ու պատրաստվել է բրիտանացի քանդակագործ Անիշ Կապուրի և ճապոնացի ճարտարապետ Արատա Իսոզակիի կողմից:
Նշվում է, որ Ark Nova կոչվող շարժական կառույցը ստեղծվել է ոչ միայն որպես տարբեր միջոցառումների հյուրընկալման հարթակ, այլև կոչված է հույս տալու երկրաշարժից ու ցունամիից տուժած Հոնսյու կղզու հյուսիսարևելյան հատվածի բնակիչներին:
Հետագայում համերգասրահը կարող է շրջագայել տարածաշրջանով: Առաջին համերգը Մացուսիմայում տեղի կունենա Ark Nova երաժշտական փառատոնի շրջանակում:
Նշենք, որ համերգասրահը փչվում է 2 ժամում: Այն ունի 35 մետր բարձրություն և տեղավորում է 500 հանդիսականի:








































