Ստոմատոլոգիական և գիտական ախտորաշման նպատակներով օգտագործվող գեներացնող ճառագայթման աղբյուրները լիցենզավորումից կհանվեն: Խոսքն իհարկե նրանց մասին է, որոնց օգտագործման ժամանակ սարքն օգտագործող անձը և բուժվող անձը չեն ստանա բնակչության ճառագայթահարման թույլատրելի դոզայից (1 միլիզիվերթ) ավելի դոզա՝ տարեկան:
Այս որոշումը Կառավարությանն է, և այն թույլ կտա լիցենզավորման տիրույթից դուրս հանել գիտական, ինչպես նաև ռենտգենաբանական բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու և գիտական նպատակների համար կիրառվող գեներացնող ճառագայթման աղբյուրները (ռենտգեն սարքերը), և կլիցենզավորվի միայն այն ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումը, որոնք առավել ռիսկային են դրանք օգտագործող անձանց, պացիենտների և բնակչության համար, ինչպես նաև կկրճատվի հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը, ի նպաստ նաև գործարար միջավայրի բարելավման:








































