Եթե «Սասնա ծռերի» գործը չվերաբերեր դրամատիկ և արյունոտ իրադարձությունների, կարելի էր երգիծական մանրապատում գրել ընթացող դատավարության մասին: Իշխանությունները, կարծես թե, միտումնավոր գործը հանձնել են Արտուշ Գաբրիելյանին` պրոֆեսիոնալ որակներից զուրկ մի դատավորի, որպեսզի ամբողջ գործընթացը վերածեն խեղկատակության: Զավեշտ է, երբ մի դատական նիստի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանն արժանանում է եռակի սանկցիայի` ընդամենն այն բանի համար, որ ցանկանում է կատարել իր անմիջական պարտականությունը` հանդես գալ միջնորդությամբ: Այսօրվա դատական նիստը, ըստ էության, նվիրված է եղել բացառապես այս փաստաբանին, որովհետև դատական գործընթացը, ըստ էության, տեղից չի շարժվում:
Սակայն դատական այսօրվա նիստում գրանցվել է զավեշտալի մեկ այլ իրադարձություն: Դատավորն ակնհայտորեն լեզվի սայթաքում է թույլ տվել, բայց այս դեպքում բացահայտել է գործընթացի ողջ տրամաբանությունը: Տեղի ունեցածը նույնիսկ ոչ թե լեզվի սայթաքում է, այլ հոգեբանական վիճակի, մտածողության բացահայտում: «Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ձեր նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նախազգուշացում, իսկ եթե շարունակեք այլ խափանման միջոց կընտրեմ»,- դիմելով փաստաբան Լուսինե Սահակյանին, ասել է դատավոր Գաբրիելյանը: Ցավն այն է, որ դատավորը և նրա հետևում կանգնած իշխանությունները փաստաբաններին իրականում նույնացնում են «ծռերի», այսինքն` ամբաստանյալների հետ ու պատահական չէ, որ նրանք դատարան մուտք գործելուց` խուզարկվում են ճիշտ այնպես, ինչպես դատարան բերված ամբաստանյալները:
Մյուս կողմից` կարդում ես փաստաբանների հարցազրույցները և դրանցում չես գտնում որևէ իրավական մոտեցում, փաստարկ: Ծայրից ծայր` նույնիսկ ոչ թե քաղաքականություն է, այլ «ծռության» պրոպագանդա:
Այս դատավարական գործընթացում ադեկվատ վարքագիծ չունեն ոչ դատավորը, ոչ ամբաստանյալները և ոչ էլ նրանց պաշտպանները: Միայն օրինական դատավարությունը կարող էր լիցքաթափել այն լարվածությունը, որն առաջացավ մեկ տարի առաջ այս օրերին: Նման խեղկատակությունը ավարտվելու է «ծռերի» հանդեպ «սամասուդով», ինչն առաջացնում է «ծռության» նոր դրսևորման ռիսկ:






































