Ֆրանսիայում տեղի է ունեցել թղթախաղում խարդախությամբ զբաղվողների դատը: Նրանք տասնյակ հազարավոր եվրոներ են աշխատել՝ ինֆրակարմիր պատկերով աչքի լինզաների օգնությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
2011-ի օգոստոսին Կանն քաղաքի խաղատներից մեկում խարդախներին հաջողվել է այդ ճանապարհով շահել 70 հազար եվրո: 2 ամիս անց հանցավոր խմբավորման ղեկավար, 56-ամյա իտալացի Ստեֆանո Ամպոլինին վերադարձել է նույն խաղատուն և շահել ևս 21 հազար եվրո, որից հետո ձերբակալվել է անվտանգության ծառայության կողմից:
7 ձերբակալվածներից 3-ը Իտալիայի քաղաքացիներն են և նախկինում արդեն դատապարտվել են խարդախության համար: Դատապարտյալների աթոռին են նաև 2 ֆրանսիացիներ՝ Կաննի և Նիցցայի խաղատների նախկին աշխատակիցները:
Ստեֆանո Ամպոլինին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և 100 հազար եվրո տուգանքի: Մյուս իտալացին՝ Ջանֆրանկո Տիրիտոն, նույնքան տուգանք կվճարի և կազատազրկվի 3 տարով: Նրանց 3-րդ ընկերոջը սպառնում է 30 ամսվա ազատազրկում և 50 հազար եվրո տուգանք:








































