Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ինչը չի կարելի ասել տնտեսականի մասին: Այս մասին այսօր Ֆրանսիայի ազգային տոնին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 50 մլն եվրո:
«Չնայած ցածր առևտրատնտեսական հարաբերություններին, ֆրանսիական ընկերությունները բավականին զգալի ներկայություն ունեն ՀՀ տնտեսական դաշտում: Ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են»,- ասաց դեսպանը:
Ըստ Շարպանտիեի՝ ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների հետաքրքրությունը կապված է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության և Իրանի ու Կենտրոնական Ասիայի երկերների շուկաներ մուտք ունենալու հետ:










































