Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2011 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 619.5 մլն դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 565.6 մլն դոլարի փոխարեն: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի այսօր հրապարակած 2011 թվականի առաջին եռամսյակի «Բանբեր»-ում։
Եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 249.2 մլն դոլար վարկային միջոցներ, իսկ նախկինում ձեռք բերած վարկերի դիմաց կատարել են 184.8 մլն դոլարի հիմնական գումարի մարումներ:
2011 թվականի առաջին եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են՝ Լյուքսեմբուրգը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 12.8% (նախորդ եռամսյակում՝ 13.2%), Ռուսաստանը՝ 12.6 % (նախորդ եռամսյակում ևս՝ 12.6 %), Գերմանիան՝ 7.1 % (նախորդ եռամսյակում՝ 7.9 %), Նիդեռլանդները՝ 7.1% (նախորդ եռամսյակում՝ 7.8 %), Ֆրանսիան՝ 6.9 % (նախորդ եռամսյակում՝ 7.6 %): Վարկերի մոտ 28 %-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
2011 թվականի առաջին եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ նվազել է և կազմել 5.4 % (նախորդ եռամսյակի վերջի 5.6 %-ի փոխարեն): Արտաքին վարկերի մոտ 61.6%-ը լողացող (LIBOR, EURIBOR, ՊՊ) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.4 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը մի փոքր աճել է և կազմել ներգրավված վարկերի 13.4 %-ը: