Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստն այսօր ընդմիջումից հետո վերսկսվեց: Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»), Գագիկ Եղիազարյանը դատարանի դահլիճում չեն:
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանից հետաքրքրվեց, թե որտեղ է իր պաշտպանյալը. «Իմ պաշտպանյալը նախորդ նիստին խոշտանգումների և ծեծի է ենթարկվել փոխգնդապետ Ղազարյանի կողմից, ես հիմա վստահ չեմ՝ իմ պաշտպանյալը կրկին կենթարկվի՞ ծեծի, թե ոչ»:
Դատարանում նշեցին, որ դատարանի խցում Արայիկ Խանդոյանին ծեծելու մասով քրեական գործ է հարուցվել և այժմ կատարվում է նախաքննություն:
Արա Ղարագյոզյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին ասաց, որ նա չի կարող լինել անկողմնակալ դատավոր, իսկ ինքնաբացարկի միջնորդություն ինքը չի ներկայացնում միայն այն պատճառով, որ վստահ է՝ այն մերժվելու է: «Քանի որ իմ պաշտպանյալները խոշտանգումների են ենթարկվել, դուք էլ նիստերի դահլիճում եք եղել, ուրեմն դուք չեք ղեկավարվում այն, այլ` Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը»,-ասաց նա։
Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի և Էդգար Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ դատարանի դահլիճում է գտնվում ամբաստանյալներին խոշտանգելու գործողությունը ղեկավարած փոխգնդապետ Ղազարյանը։ Պաշտպանը դատարանից պահանջեց բացառել փոխգնդապետի ներկայությունը դատական նիստերի դահլիճում:
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը տեղից պահանջեց ապահովել Արայիկ Խանդոյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում. «Փոխգնդապետ Ղազարյանն էլ որ գնա, նրան նույն ձևի փոխարինող է գալու: Ես պահանջում եմ իմ ընկերոջը, որովհետեւ խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»:
Դատավորն ասաց, որ այս պահին չի թույլատրում Մանուկյանին հայտարարություն անել և ասաց, որ հարցերը քննարկվեն հերթով: «Դուք հերթականությա՞մբ եք խաղում: Երբ ուզում եք ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք, սարքում եք բորենի»,- ասաց Պավել Մանուկյանը: «Մանուկյա´ն»,- դիմեց նրան դատավորը։
«Ի՞նչ Մանուկյան, իմ անունն Ապարանցի Պավլիկ է»: «Ապարանցի Պավլի´կ, նստի´»,- ասաց դատավորը։
Հայտարարվեց ընդմիջում։









































