Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով չեղարկել կայանման վճարի հաղորդագրության թանկացումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից վարորդներն ավելի շատ պետք է վճարեն Կարմիր գծերում կայանելու համար։ Մասնավորապես՝ մեկ ժամվա համար նախատեսված նախկին 100 դրամի փոխարեն վարորդներից կգանձվի 149, իսկ մեկ օրվա կայանման համար նախատեսված նախկին 500-ի փոխարեն՝ 748 դրամ։

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ վճարովի ավտոկայանատեղիների գումարը չի թանկացել, այլ պարզապես ավելացել է միջնորդավճարն ու ավելացված արժեքի հարկը։ Ավելին՝ քաղաքապետարանը պնդում է, թե այն վարորդները, ովքեր չեն ցանկանա SMS հաղորդագրության միջոցով վճարել այդ գումարը, կարող են տերմինալներից օգտվել, որի դեպքում ԱԱՀ ու միջնորդավճար չի պահվում։
Մինչդեռ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը նկատում է, որ քաղաքի ոչ բոլոր փողոցներում են այդպիսի տերմինալներ տեղադրված, իսկ ծայրամասային փողոցներում՝ դրանք գրեթե բացակայում են։ Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ իրականում նման թանկացման պատճառն այն է, որ քաղաքապետարանը փորձում է վարորդներից գանձել ոչ թե մեկ ժամվա կամ մեկ օրվա վճարը, այլ ամբողջ տարվա, ինչը պետական տուրքի առավելագույն չափն է կազմում։ Սա նրա համոզմամբ՝ վարորդների համար դառնալու է այլընտրանքային հարկատեսակ։
«Ակնհայտ է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեության բնույթը և ձևը համայնքային սեփականություն դառնալուց ի վեր փոփոխություն չի կրել, և եթե SMS ծառայության միջոցով վճարումները շարունակում է սպասարկել նույն օպերատորը, ապա միջնորդավճարի բեռը քաղաքացիների վրա դնելը չի կարող հիմնավորված լինել։ Նպատակն այն է, որպեսզի այն վարորդները, ովքեր չեն ցանկանում օգտվել տերմինալներից, այլ նախընտրում են հաղորդագրության միջոցով վճարել այդ գումարները, քաղաքապետարանը միջնորդավճարների և ԱԱՀ-ի ամբողջ բեռը դնում է այդ վարորդների վրա։
Մենք կարծում ենք, որ այս անհիմն ծախսն առհասարակ պետք է դուրս գա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









































