Այսօր մեկնարկել են Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների համատեղ վարժանքները: Վարժանքներն, ինչպես տեղեկացնում են թուրքական կայքէջերը, անցկացվելու են թուրքական և վրացական սահմանային անցակետերի միջև ընկած հատվածում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագահ, վրացի ռազմական փորձագետ Թենգիզ Փխալաձեն ասաց, որ վարժանքները կրում են բացառապես պլանային և պաշտպանական բնույթ:
Նա նշեց, որ դրանք ուղղված չեն որևէ երկրի դեմ, այլ հակառակը՝ առաջին հերթին սեփական սահմանների պաշտպանությանն ու ամրապնդմանը: Ըստ նրա՝ խոսքը հիմնականում ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների մասին է, որոնցից են ահաբեկչությունը, ապօրինի սահմանահատումները և այլն:
«Ոչ բոլոր զորավարժություններն ունեն հարձակողական բնույթ և ուղղված են որևէ երկրի դեմ: Խոսքը պատերազմական սպառնալիքների մասին չէ, այլ այն սպառնալիքների չեզոքացման, որոնք շատ-շատ են ժամանակակից աշխարհում: Գիտեք, որ շատ են ենթակառուցվածքները, որոնք կապում են և Վրաստանին, և Թուրքիային, և այս ամենը կարող է առաջացնել այն խմբերի հետաքրքրությունը, որոնք կարող են շահագրգռված լինել տարածաշրջանի անկայունությամբ:
Սրանք սովորական պլանային վարժանքներ են, որոնք անցկացվում են հարևան երկրներում սահմանների ամրապնդման նպատակով»,- մեկնաբանեց վրացի ռազմական փորձագետ Թենգիզ Փխալաձեն: